ԱՄՆ ՄԶԳ-ն 130 միլիոն դոլարով ավելացնում է Հայաստանին հատկացվող աջակցության չափը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 130 միլիոն դոլարով ավելացնում է Հայաստանին հատկացվող աջակցության չափը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծն ընդգրկված էր ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում, որն արժանացավ կառավարության անդամների հավանությանը։
Նշվում է, որ նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել Հայաստանի կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև 2022թ. հունիսի 29-ին ստորագրված դրամաշնորհային համաձայնագրում, համաձայն որի Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը ավելանում է 130,000,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով 250,000,000 ԱՄՆ դոլարի:
Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ուղղել արդյունավետ և հաշվետու կառավարման ինստիտուցիոնալացմանը, քաղաքացիական մասնակցությանը՝ հանուն ժողովրդավարական համախմբման ամրապնդման, տնտեսական կառավարման ուժեղացմանը, թիրախային ոլորտների մրցունակության բարձրացմանը, բնական պաշարների կայուն կառավարման բարելավմանը:
Փոփոխության նախագծի ստորագրումը կնպաստի Համաձայնագրով սահմանված հիմնական նպատակների իրականացմանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով:
The post ԱՄՆ ՄԶԳ-ն 130 միլիոն դոլարով ավելացնում է Հայաստանին հատկացվող աջակցության չափը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.