ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ագրարային համալսարանի ծրագիրը հնացած է ու թանգարանային նմուշ, բայց պետք է լինի մրցունակ. Նիկոլ Փաշինյան

0

Մենք նոր ենք գլխի ընկել, բայց օրինակ գյուղատնտեսության ոլորտում մի շարք մասնագիտությունների ժամավճարներ գոյություն ունեն, որ նույնիսկ չես էլ հավատում մինչև վերջ, որ կարող է այդպիսի բան լինել։ Օրինակ՝ ժամը 700-800 եվրո: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ագրարային համալսարանի մի շարք ոլորտների ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու հարցի քննարկման ժամանակ:

Փաշինյանի խոսքով՝ կրթաթոշակների տրամադրումը կարևոր է տարածքային համաչափ զարգացման համար:

«Մարզերում և գյուղերում երիտասարդների մի մասն ունի վճռականություն կրթություն ստանալու ու մասնագիտություն ունենալու, բայց ինքը 90 տոկոսով գիտի՝ այդ գյուղում չի ապրելու: Եկեք դա էլ արձանագրենք՝ այն մասնագիտությունները, որոնք PR-ի չեն ենթարկվում, դրանց մասին մենք չգիտենք: Այսինքն՝ կա մասնագիտական մոդա հասկացություն, որոնց մասին նրանք ավելի շատ տեղեկանում են սոցիալական ցանցերից», - ասաց նա:

Փաշինյանը շեշտեց՝ IT ոլորտից ենք խոսում, բայց այստեղ էլ մի շարք մասնագիտություններ դուրս են մղվում:

«Դեպքեր կան, որ ծրագիր գրող մարդ այլևս պետք չէ, որովհետև ծրագիր կա, որը գրում է շատ ավելի լավ ծրագիր քան մարդը: Հետևաբար գյուղատնտեսության ոլորտում կրթության խթանումը մեզ կօգնի, որ այն երիտասարդը, որն ընտրության առաջ է կանգնած՝ կամ պետք է մասնագետ դառնա, կամ մնա գյուղում, այս կոնֆլիկտը չլինի: Ինքը կարող է լինել մասնագետ, մնալ գյուղում և բարձր վճարվող աշխատանք ունենալ բուսաբուծության, անասնաբուժության, սննդի վերամշակման ոլորտում և այլն», - ասաց նա:

Վարչապետը նաև ընդգծեց, որ այդ կրթաթոշակների արդյունքում պետք է ստանանք մասնագետներ բառի բուն իմաստով:

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ պետական բյուջեի միջոցները ծախսել, արդյուքնում ձևավորել նոր խումբ, ով ասում է՝ բարձրագույն կրթության նույնիսկ 2 դիպլոմը ձեռքս չեմ կարողանում աշխատանք գտնել: Պետք է հասկանանք՝ այս նախադասության մեջ ինչ-որ բան այն չէ: Մենք պետք է համոզվենք, որ երբ կրթաթոշակները նշանակում ենք, պետք է իմանանք, որ մասնագետներ են, ում գիտելիքները պրակտիկ կյանքում կիրառվելու են:

Հատկապես գյուղատնտեսության ոլորտում այն գիտելիքը, որ կար 20 տարի առաջ, զգալի մասով հնացած է ու թանգարանային նմուշ, և հետաքրքիր կարող է լինել ընթերցանության համար: Պետք է ծրագիրը ագրարային համալսարանում լինի մրցունակ և պատշաճ»,- շեշտեց նա: