ru24.pro
World News
Сентябрь
2024

Գիտելիքն է այն հզոր ուժը, որն օգնում է ճիշտ կառուցել ապագան. ՄԻՊ

0

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Նոր ուսումնական տարվա առաջին օրն ազդարարում է գիտելիքներով հարստանալու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբը։

Գիտելիքն է այն հզոր ուժը, որն օգնում է ճիշտ կառուցել ապագան, իսկ գիտելիքով հարուստ անհատները՝ առավել հզորացնում են մեր պետության հիմքերը։

Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, հիշե´ք, միայն գիտելիքի և որակյալ կրթության շնորհիվ է հնարավոր ձևավորվել հանդուրժողականության այնպիսի մթնոլորտ, որտեղ երաշխավորված կլինի յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունն ու իրավունքների նկատմամբ հարգանքը: Դրան հասնելու համար պետք է կատարելագործել ուսուցման մեթոդաբանությունը, դպրոցից սկսած՝ իրականացնել իրավագիտակցության բարձրացմանը միտված աշխատանքներ:

Առաջնային է նաև համընդհանուր ներառական կրթության, երեխաների համար անվտանգ միջավայրի և ֆիզիկական մատչելի պայմանների ապահովումը, ինչպես նաև կրթական հաստատություններում բուլինգի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը, ինչը մեզանից յուրաքանչյուրից պահանջում է հետևողական աշխատանք և մեծ նվիրում։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա կապակցությամբ»: