Գերիների, պատանդների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է իրականացվում. Փաշինյան
Հայաստանի կառավարությունը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարության կարևորագույն դրույթներից մեկը գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին է վերաբերում: Եվ իր համար ցավալի է, որ ՌԴ գործընկերները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության վերաբերյալ խոսելիս շրջանցում են գերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը:
«Եթե եռակողմ հայտարարություններն են հիմքը, և եռակողմ հայտարարություններն ուզում ենք արժևորել, պետք է գնանք, սկսենք առաջին հոդվածից կարդալ, տեսնել, թե ով ինչ աշխատանք պետք է իրականացներ, որ չի իրականացրել: Գերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը մեզ շատ մտահոգում է: Մենք այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք ենք իրականացնում: Ես հասկանում եմ, որ այդ աշխատանքը չի երևում, և դա այդ աշխատանքի առանձնահատկությունն է»,–ասաց Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց նախորդ տարեվերջին 32 գերեվարված անձանց վերադարձի մասին՝ շեշտելով, որ դրանից առաջ էլ նշել է, որ կատարվում է ամենօրյա աշխատանք:Փաշինյանը նկատեց՝ մարդիկ երբեմն հուսահատվում են, տպավորություն են ստանում, թե իրականում ոչ մի բան տեղի չի ունենում, բայց իրականությունն այդպես չէ:
The post Գերիների, պատանդների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է իրականացվում. Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.