ԼՂ հայերի վերադարձի հարցն այնպես, ինչպես դա ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին. վարչապետ (տեսանյութ)
Գերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը մեզ շատ մտահոգում է, մենք ամենօրյա աշխատանքն ենք իրականցնում այդ ուղղությամբ: Ես հասկանում եմ, որ այդ աշխատանքը չի երևում, բայց դա այդ աշխատանքի առանձնահատկությունն է:
Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ ոչինչ չի արվում Արցախի գերեվարված ռազմաքաղաքական իշխանությանը, մյուս գերիներին վերադարձնելու համար և թե ինչի՞ց է վախենում Փաշինյանը, որ չի բարձրացնում այդ հարցը:
«Ուզում եմ հիշեցնել եռակողմ հայտարարության կարևորագույն դրույթներից մեկը վերաբերում է նաև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձին։ Շատ դեպքերում, երբ ՌԴ մեր գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ, ինձ համար ցավալի է տեսնել, որ նրանք, գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը, ըստ էության, շրջանցում են»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցի հետ կապված ամենօրյա աշխատանք են իրականցնում:
«Նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցավ մեր 32 գերեվարված եղբայրների վերադարձը: Նախորդող շրջանում էլի շատ հարցեր էին տրվում, և ես անընդհատ ասում էի՝ կատարվում է աշխատանք»,- հայտարարեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է իր վախենալուն, նա ասաց. «Ուզում եմ ասել՝ ԼՂ լուծարումը ես չեմ ստորագրել։ Ընդհակառակը՝ ԼՂ-ում այդ որոշումն ընդունելուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը քաջալերվել է ՀՀ-ում գործող բոլորիս հայտնի շրջանակների կողմից և ողջունվել:
Այն ընկալումներով և ձևակերպումներով, որոնցով ԼՂ-ի մի շարք ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ խոսում են այդ հարցի մասին, դա իրատեսական չէ: Այդ նույն մարդիկ ստորագրեցին ԼՂ-ի լուծարման մասին հրամանագիրը և րոպե առաջ լքեցին ԼՂ-ն»:
Նրա խոսքով՝ հիմա էլ՝ մեկ տարի հետո, իրեն ասում են՝ թույլ չի տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերադառնա:
«Այն փաթեթավորումն ու բովանդակությունը, որ ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին: Ինչպե՞ս եմ չափում ՀՀ պետական շահը, այդ շահը չափում եմ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներով և իրավազորությամբ»,- ասաց նա: