Համաձայնեցվում է «3+3» ձևաչափով հանդիպման ժամկետը՝ արտգործնախարարների մակարդակով. Բաքվում ՌԴ դեսպան
Ներկայումս համաձայնեցվում է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման ժամկետը՝ արտգործնախարարների մակարդակով, ՌԻԱ Նովոստիին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Նա հայտարարել է, թե տարածաշրջանում արտաքին միջամտություն հարկավոր չէ, և Հարավային Կովկասի պետություններն իրենք պետք է լուծեն եղած խնդիրները։ Դրա համար որպես արդյունավետ հարթակ նա նշել է «3+3»-ը։
Այս ֆոնին նա մտահոգիչ է որակել Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը՝ ասելով, թե Արևմուտքի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը որևէ լավ բանի չի հանգեցնի։
Եվդոկիմովը նաև հայտարարել է, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի դեմ։
«Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պատրաստ են գնալ ցանկացած քայլի, ներառյալ խամաճիկ կառավարությունների միջոցով Ռուսաստանի շուրջ հակամարտությունների օջախների հրահրմանը։ Նման միջամտության օրինակներից է ԵՄ ներկայիս դիտորդական առաքելությունը Հայաստանում: Կանադայից ժամանած «փորձագետի» ներգրավմամբ՝ այն փաստացի վերածվել է կասկածելի նպատակներով ՆԱՏՕ-ի գործողության։ Փաստը, որ դիտորդական առաքելությունը հանդիսանում է Արևմուտքի հիբրիդային պատերազմի գործիք, հաստատում է դրա գաղտնիությունը և Հայաստանին կամ Ադրբեջանին չենթարկվելը»,- ասել է ՌԴ դեսպանը։