ru24.pro
World News
Август
2024

Կքննարկվեն մետրոյի վերազինման ու վերակառուցման առաջարկները

0

Օգոստոսի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Ասիական Զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտիի գլխավորած պատվիրակությանը եւ «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանին:

Հանդիպման սկզբում Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է վերջին տարիներին մետրոպոլիտենում կատարված աշխատանքները։ 1981 թվականից շահագործման հանձնված Երևանի մետրոպոլիտենը երբեք կապիտալ վերանորոգման չի ենթարկվել։ Չնայած պետության աջակցմամբ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, սակայն մետրոյի զարգացման ու վերազինման համար անհրաժեշտ են խոշոր ներդրումներ՝ ժամանակակից տեխնոլոգիաներ և տեխնիկական միջոցներ ձեռբերելու համար, որոնք կնպաստեն էլ ավելի անվտանգ ու ապահով դարձնել ստորգետնյա տրանսպորտը։

Ասիական Զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտն իր խոսքում նշել է, որ Ասիական Զարգացման բանկը խոշոր գործընկեր է հատկապես տրանսպորտի ոլորտում և պատրաստ է համագործակցության։ Դոն Լամբերտն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի, կվերլուծի ու կներկայացնի մետրոյի վերազինման ու վերակառուցման վերաբերյալ բոլոր առաջարկներն ու աշխատանքային առաջնահերթությունները։

Հանդիպման ընթացքում Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է նոր կառուցվող «Աջափնյակ» և նախատեսվող «Սուրմալու» կայարանների շինարարության հետ կապված ծրագրերը, որի աշխատանքներին, ինչպես նշել է Բաբկեն Սեդրակյանը, մեծ աջակցություն է ցուցաբերում Երևանի քաղաքապետարանն՝ ի դեմս քաղաքապետ Տիգրան Ավինյանի։

ԴԵՊՈ-ի վերազինման, արդիականացման ու նորոգման ծրագրերին Բաբկեն Սեդրակյանը Դոն Լամբերտիին և Անետա Բաբայանին ծանոթացրել է հենց ԴԵՊՈ-ի տարածքում, որտեղ հյուրերին ներկայացվել են վերջին տարիներին կատարված աշխատանքները։

«Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը հանդիպման ընթացքում ներկայացրել է մետրոյի հետ կապված իրենց ծրագրերը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դոն Լամբերտին հույս է հայտնել, որ սկիզբ կդրվի նոր և շարունակական համագործակցության: