ru24.pro
World News
Август
2024

Խնդրում եմ դատարանին՝ հարգալից վերաբերվել իր իսկ կայացրած որոշումներին. Արամ Օրբելյանը՝ դատավորին

0

Երևանի Առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը: 

Չնայած երեկվա նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը թույլ էր տվել, որ Հրայր Թովմասյանը ներկա գտնվի դատական նիստին, վերջինս չէր ներկայացել: Դատավորը պաշտպան Արամ Օրբելյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չի ներկայացել Հրայր Թովմասյանը:

«Ես ասել եմ, որ Դատարանն ինձ տեղեկացրել է, որ էլկետրոնային նամակ են ուղարկել, ավել գործառույթի իրավունք ես չունեմ. էլեկտրոնային նամակը չի ստացել»,-ասաց Օրբելյանը:

Այնուհետև Տաթևիկ Գրիգորյանն անդրադարձավ Օրբելյանի պաշտպանական ճառին, որի մի  մասը երեկվա նիստում նա կարդացել էր:

«Ձեր պաշտպանական ճառը բովանդակային առումով ամբողջությամբ ներկայացրեցիք՝ կրկնելով ձեր միջնորդությունների բովանդակությունը: Այս միջնորդությունների լուծումը դատարանը որոշել է հետաձգել և դրանց անդրադառնալ վերջանական դատական ակտ ներկայացնելիս, արդեն ապացույցների գնահատման քրեադատավարական կառուցակարգի շրջանակներում»,- ասաց Գրիգորյանը:

Նա նշեց՝ Դատարանը փաստում է՝ երեկ կայացած դատական նիստում պաշտպան Օրբելյանը փաստացի սկսել է վերարտադրել այն միջնորդությունների բովանդակությունը, որն արդեն իսկ ներկայացված է եղել սույն քրեական գործի դատական քննության ընթացքում, և այդ փաստարկներով ներկայացված միջնորդությունների լուծումը դատարանի կողմից հետաձգվել է, որպեսզի դատարանը վերջնական դատական ակտ կայացնելիս անդրադառնա դրանց:

«Դուք անընդհատ ասում եք, թե պաշտպանական կողմը դատական նիստերը ձգձգելու մտադրություն չունի, բայց հիմա էլ, ներկայանալով դատական նիստերին, այլ վարքագիծ եք ընդունել, այսինքն փաստացի կրկնությամբ եք հանդես գալիս: Կխնդրենք՝ պարզաբանել այս կապակցությամբ Ձեր վարքագիծը»,-շեշտեց դատավորը:

Օրբելյանն էլ շեշտեց, որ ճառի մեջ պաշտպանական կողմը ներկայացնում է այն հանգամանքները, որը անհրաժեշտ է: «Մեղադրական և պաշտպանական ճառերի էությունն այն է, որ դրանց շրջանակներում որևէ նոր բան ասել անհնար է, որովհետև դատավարությունից դուրս որևէ նոր հանգամանք ներկայացնել պաշտպանական կամ մեղադրական ճառի ժամանակ չի լինում»,-ասաց նա:

Բացի այդ, Օրբելյանը նշեց, որ պաշտպանական ճառի էությունը կայանում է  նրանում, որ հնարավոր լինի ըստ անհրաժեշտության ի մի բերել դատավարության ընթացքում տեղի ունեցած հանգամանքները: «Կան միջնորդություններ, որոնք ներկայացվել և հետաձգվել են, կան միջնորդություններ, որոնք առանց քննության են թողնվել: Առնվազն երկու միջնորդությունները, որոնք վերաբերում են Հրայր Թովմասյանի անձեռնմխելիությանը, չեն քննարկվել, ուստի անհրաժեշտություն է առաջացել ևս մեկ անգամ վերարտադրելու ճառերի փուլում»,-նշեց պաշտպանը:

Գրիգորյանն արձագանքեց. «Ամեն դեպքում դատարանը չի սահմանափակում այս պահին պաշտպան Օրբելյանի ճառով հանդես գալու իրավունքը, չնայած արձանագրելով՝ միգուցե դրա հիմքերն առկա են: Դատարանը ամենօրյա ռեժիմով դատական նիստերը շարունակելու է սեպտեմբերի 5-ից հետո էլ: Բացի այդ, այսօր դատարանը դատական նիստն ավարտելու է աշխատանքային օրվա ավարտին»:

Օրբելյանը խնդրեց դատարանին հարգալից վերաբերվի իր իսկ որոշմանը, ըստ որի, կողմերին ծանուցել է: «Խնդրում եմ դատարանին՝ հարգալից վերաբերվել իր իսկ կայացրած որոշումներին: Ես ժամը 14:00-ից հետո ունեմ այլ պայմանավորվածություններ, ունեմ այլ դատական նիստեր, այլ հանդիպումներ»,-ասաց նա:

Գրիգորյանն էլ հակադարձեց՝ Դատարանը չի ավարտելու 14:00-ին դատական նիստը և դատարանի որոշումը փոփոխական չէ. Դատարանի որոշումները պայմանավորված են՝ կանխելու պաշտպանական կողմի չարաշահումները:

Օրբելյանը շարունակում է ներկայացնել պաշտպանական ճառը:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: