Իրանը կդիմի դատարան, եթե Պակիստանը շարունակի ձգձգել «Խաղաղություն» գազատարի կառուցումը
Իրանը վերջնական ծանուցում է ուղարկել Պակիստանի կառավարությանը` 2024 թ. սեպտեմբերին Փարիզի Առևտրի միջազգային պալատին առընթեր Միջազգային արբիտրաժային դատարան դիմելու մտադրության մասին` կապված Իսլամաբադի կողմից «Խաղաղություն» մագիստրալային գազատարի կառուցման պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետ: Այս մասին հայտնում են ՏԱՍՍ գործակալությունից։
Խողովակաշարի պակիստանյան հատվածի կառուցման մասին համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականին։ Իսլամաբադը պարտավորվել է նախագծի իր մասն ավարտել մինչև 2014 թ. դեկտեմբեր: Փաստաթղթում կետ էր մտցվել ժամկետների խախտման համար տուգանային պատժամիջոցների վերաբերյալ, որով Պակիստանն ուշացման յուրաքանչյուր օրվա համար 1 միլիոնական դոլար պետք է վճարեր 2015 թ. հունվարի 1-ից: 2014 թվականին շինարարությունը 10 տարով հետաձգվել է Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով։
2019 թ. սեպտեմբերին Պակիստանի Inter-State Gas Systems-ը և Իրանի National Iranian Gas Company-ը ստորագրեցին վերանայված պայմանագիր, որի համաձայն՝ Իսլամաբադը պարտավորվել է խողովակաշարն ավարտին հասցնել 2024 թվականին և օրական ներմուծել շուրջ 21 միլիոն խորանարդ մետր բնական գազ: Փոխարենը Թեհրանը համաձայնել է ձեռնպահ մնալ արբիտրաժային դատարան դիմելուց։
Այնուհետև, ըստ The News թերթի, նախագծի առաջին հերթի (81 կմ երկարությամբ հատված) հանձնումը հետաձգվեց մինչև 2024 թ. սեպտեմբեր։ Սակայն հատվածի շինարարությունը չսկսվեց, նշում է հրատարակությունը։ Դրա հետ կապված՝ Թեհրանը «վերջնական ծանուցում» է ուղարկել Իսլամաբադին:
2024 թ. մարտին ԱՄՆ պետքարտուղարի Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Դոնալդ Լուն, հանդես գալով Կոնգրեսում, Իսլամաբադին զգուշացրեց «լուրջ հետևանքների» մասին, եթե վերջինս Իրանի հետ հարաբերություններ ունենա «Խաղաղություն» գազատարի նախագծի շուրջ։