ru24.pro
World News
Август
2024

Տարեց կնոջ եղբոր 45-ամյա որդին դանակով կտրել է նրա պարանոցը. տղամարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ

0

2024 թվականի օգոստոսի 24-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ տարեց հարևանուհու վնասվածք ստանալու վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 21:08-ին, հաղորդում է ստացվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից այն մասին, որ Նանսենի փողոցի բնակարաններից մեկից,  պարանոցը կտրած վիճակում, րոպեներ առաջ իրենց մոտ է տեղափոխվել 85-ամյա մի կին, ում վիճակը գնահատվում է ծանր: Այս ամսին հաղորդում են Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի՝ Նանսենի փողոցի համապատասխան բնակարանի, դրան հարակից տարածքի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արյան հետքեր, դանակ՝ շեղբի վրա արնանման հետքերով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նանսենի փողոցի բնակարաններից մեկում տարեց կնոջ եղբոր 45-ամյա որդին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, հորաքրոջն սպանելու նպատակով, իր մոտ գտնվող ծալովի դանակով կտրել է նրա պարանոցը:

Նույն օրը՝ ժամը 21:40-ին, տուժած տարեց կնոջ հիշյալ ազգականը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել։  

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, 85-ամյա կինը, վնասվածքն ստանալուց հետո, արնաթաթախ վիճակում, կարողացել է հասնել հարևանի դռան մոտ և թակելով վերջինիս դուռը՝ հայտնել, որ իր եղբոր տղան է իրեն վնասվածք պատճառել: Կնոջ կյանքը հնարավոր է եղել փրկել՝ նրան հիվանդանոց տեղափոխելու և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու արդյունքում։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 45-ամյա տղամարդուն ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ վերջինս տառապում է հոգեկան որոշակի հիվանդությամբ և տարբեր հոգեբուժարաններում բուժում է ստացել, իսկ 2023թ․ նոյեմբերի 15-ին ճանաչվել է գործունակ, որից հետո համատեղ բնակվել է հորաքրոջ հետ:

Հաշվի առնելով տվյալ անձի՝ հնարավոր հոգեկան հիվանդությամբ տառապելու և հանրության համար վտանգ ներկայացնելու հանգամանքը՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել  դատարան՝ նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց, համապատասխան մասնագիտացած կենտրոնում պահելու միջոցով բժշկական հսկողություն սահմանելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: