ru24.pro
World News
Август
2024

Կառավարությունն օգնում է մեծերին. «անհավասար մրցակցային դաշտ, անարդար մրցակցություն, սա շատ մտահոգիչ է». Ավագ Հարությունյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը

– Պարո՛ն Հարությունյան, որոշ տվյալների համաձայն՝ այս տարվա վեց ամսվա ընթացքում միայն գինեգործության ոլորտում գրանցվել է 31,5 % անկում։ Իրակա՞ն է այս ցուցանիշը ու եթե այո՝ ինչի՞ հետևանք է սա։

– Հարցը երկու մասից է բաղկացած․ առաջին կիսամյակի թվերը ոչինչ չեն ասում, գինու շուկայում ավելի խոսուն են երկրորդ կիսամյակի թվերը։ Այսինքն՝ այդ թիվը ոչինչ չի նշանակում, ամեն տարի շտկում է արվում՝ ելնելով երկրորդ կիսամյակի թվերից։ Դա մեթոդական սխալ է, որ միշտ թույլ է տալիս Վիճակագրական կոմիտեն, այնպես որ, դժվար է ասել, թե ինչի հետևանք է սա, ու նաև դժվար է ասել, որովհետև կա վերաարտահանման գործոնը, այսինքն՝ ինչ-որ մի մաս գալիս է ու գնում Հայաստանի տարածքով ու ներկայացվում է որպես հայկական գինի կամ գնում է Բելառուսով դեպի Եվրոպա ու ներկայացվում իբրև հայկական գինի։ 

Իրականում մենք աճ ունենք, խաղողը չի հերիքում, ամեն տարի ավելանում են մոտավորապես 20-30 խաղացող շուկայում, մենք շատ մեդալներ ենք շահում, այսինքն՝ ձեր ասած թիվն իրականությանը չի համապատասխանում, բայց թե ինչքանո՛վ չի համապատասխանում՝ չենք կարող ասել, որովհետև արդեն ասացի, որ կա երկու խնդիր։

– Իսկ իրականում ի՞նչ վիճակ է ոլորտում։

– Ոլորտում այսօր նախապատրաստական վիճակ է խաղողի սեզոնին, արդեն գինու հետ կապված պայմանագրերը կնքված են, գինու խաղողի վաճառքի խնդիր չկա, ընդհակառակը՝ գինու խաղողի պակաս է զգացվում, գյուղացիները, կարծես թե, հանգիստ են, որևէ իրարանցում, լարվածություն չկա։ 

Գինու շուկայում հիմա ամեն ինչ նորմալ է, մեծ խնդիրներ չկան, ու չկան նաև մեծ սպասումներ, որովհետև Լարսն անընդհատ փակվում է, ռուսական շուկան անընդհատ խնդիրներ է առաջացնում, քանի որ դրամը չի արժեզրկվում, այսինքն՝ կան մի քանի բաներ, որ մեզ թույլ չեն տալիս կտրուկ լավ լինել, բայց նաև չկան հիմքեր, որ ասենք, թե մեր գործերը վատանում են։

– Այսինքն՝ հայկական գինին շարունակում է մնալ պահանջված ու մրցունա՞կ, պարո՛ն Հարությունյան։

– Այո՛, իհարկե։ Գինին արդեն կայացել է որպես շատ որակյալ ապրանք, սեգմենտներն արդեն ֆիքսվել են, կարելի է ասել, որ յոթ-ութ տարի այս պրոցեսը գնաց, ու վերջին 2-3 տարում սեգմենտները ֆիքսել են: Մենք ունենք լավ գինիներ և՛ ներքին սեգմենտում, և՛ միջին սեգմենտում, և՛ վերին սեգմենտում։ 

Վատ գինիները մնում են ներքին սեգմենտում, չեն փոխվում, չեն քչանում, բայց շատ քչացել են միջին ու իսպառ վերացել են վերին սեգմենտում։ Այսինքն՝ եթե մենք համեմատենք 20 տարի առաջվա հետ՝ անճանաչելիորեն փոխվել ենք, եթե մենք համեմատենք 10 տարի առաջվա հետ՝ ունենք շատ լավ զարգացում՝ և՛ ներդրումների մասով, և՛ որակի մասով։ 

Սրան շատ օգնեց լիզինգի հետ կապված պետական քաղաքականությունը, որովհետև ստացվեց հետևյալը․ եթե մենք նայում ենք վերջին քսան տարվա մեր պատկերը, ապա ունենք հետևյալը՝ սկզբից հեղափոխություն առաջացրեց մեկ-երկու հարուստների մուտքը շուկա, որոնք կարողացան շատ լուրջ սարքավորումներ բերել, տեխնիկական, տեխնոլոգիական լուրջ վերազինումներ եղան, սրան հաջորդեց մյուս մեծերի խանդը, որոնք տեսան, որ իրենք շատ հետ են: Նրանք կարողացան իրենց ներքին ռեսուրսներով լրացնել, և ստացվեց շատ մեծ տարբերություն մեծերի, միջինների ու փոքրերի միջև, ինչն էլ լրացրեց Կառավարությունը՝ լիզինգային քաղաքականությամբ, որը սուբսիդավորեց լիզինգային վարկերը, ու բոլոր արտադրողներն անխտիր կարողացան ձեռք բերել լավագույն սարքավորումները։ 

Այսինքն՝ հիմա գինեգործության բնագավառում չկա որևէ մի արգելք, որը թույլ կտա չունենալ լավ սարքավորում, սա պետական քաղաքականություն էր՝ սկսած 8-9 տարի առաջվանից, բայց ակտիվ դրսևորումներով՝ վերջին 3-4 տարիներին, ու սա շարունակվում է։ Երկրորդը՝ բերքի գնման սուբսիդավորումն էր, որը թույլ տվեց, որ մարդիկ կարողանան բերք գնել, բայց այստեղ կան նաև թերություններ, բացթողումներ, որոնք անհավասար մրցակցություն են ստեղծում, խիստ բացասական երևույթներ առաջացնում: Դիցուք՝ բոլորին չի հերիքում գրավը, որպեսզի նոր վարկեր վերցնեն, այսինքն՝ մի կողմից պետությունն ասում է, որ վարկ է տալիս լիզինգի և բերքի գնման համար, մյուս կողմից էլ՝ համարյա բոլորի մոտ ազատ գրավները վաղուց վերջացել են, ով ինչ ուներ՝ գրավադրել է, ու այս առումով խնդիր կա։ 

Կառավարությունն օգնում է մեծերին, որպեսզի այս խնդիրը լուծի, այսինքն՝ պետական երաշխիք է տալիս, ու եղել են տարիներ, որ նույնիսկ սուբսիդավորել է խաղողի արժեքը։ Իհարկե, սուբսիդավորում է կոնյակի համար խաղողի արժեքը, որպեսզի կոնյակի խաղողը չմնա դաշտում, բայց քանի որ այդ մեծերը նաև գինի են արտադրում, ստացվում է, որ գինի արտադրողների մի մասին ինքը սուբսիդավորում է, մյուսին՝ ոչ ու ստեղծում է անհավասար մրցակցային դաշտ, անարդար մրցակցություն, սա շատ մտահոգիչ է։

– Իսկ այդ մասով դրական քայլեր չե՞ն նկատվում Կառավարության կողմից։

– Չէ՛, չեն նկատվում, մենք արդեն երրորդ տարին է, որ այս հարցը բարձրաձայնում ենք, մեզ ասում են, որ իրենց համար ավելի կարևոր է լուծել սոցիալական խնդիրը, այսինքն՝ չբարկացնել գյուղացիներին, մեզ էլ խորհուրդ են տալիս մեր գլխի ճարը տեսնել։

– Իսկ հնարավո՞ր է, որ ինչ-որ մի պահի այլևս չկարողանաք ինքնուրույն ձեր գլխի ճարը տեսնել:

– Դե հիմա այդ խնդիրները կան, որոնք ահագնացան նաև դրամի արժևորման հետ կապված, որովհետև երբ դու այսպիսի անհավասար մրցակցային դաշտում ես, դրամի արժևորումը քեզ ավելի շատ ու ուժեղ է հարվածում, քան մյուսներին: Սա խիստ մտահոգիչ խնդիր է, որ մենք անընդհատ բարձրաձայնում ենք, բայց Կառավարությունը չի լսում մեզ, նա իր մտածելակերպն ունի՝ մեզ համար անհասկանալի։ 

– Ձեր խոսքում ասացիք, որ Հայաստանը նաև տարանցիկ երկիր է, կասե՞ք, թե որ երկրների գինին է Հայաստանով արտահանվում։

– Այն երկրները, որոնք Ռուսաստանը համարում է իրեն ոչ բարեկամ երկիր՝ եվրոպական երկրները, ԱՄՆ-ն։

– Ո՞րն է հայկական գինիների արտահանման հիմնական շուկան։

– Եթե նայենք վերջին 24 տարիներին, ապա 2000-ականների սկզբին Ռուսաստանն էր՝ 90%, հիմա դա իջել է մինչև 55-60%, այսինքն՝ մենք դիվերսիֆիկացնում ենք։ 1-4% սահմաններում ունենք բաշխում՝ Եվրոպա, ԱՄՆ, Վրաստան, Մերձավոր Արևելք, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Մերձբալթիկա՝ նայած տարի, նայած որ երկիր ու ինչ քանակությամբ է բաշխվում գինիների մնացած 20-25%-ը։

– Այսինքն՝ տարվա երկրորդ կիսամյակում ցուցանիշների լավացման միտո՞ւմ եք ակնկալում։

– Այո-այո, ցուցանիշները կլավանան, որովհետև ոլորտը վեց հազար տարվա անընդհատ պատմություն ունի, և պատմությունը ցույց տվեց, որ նույնիսկ ամենամութ, ամենավատ ժամանակներում ոլորտը գործել է ու շարունակում է զարգանալ, իսկ հիմա էլ շատ լուսավոր ժամանակներ են, ռեսուրսներն էլ ունենք, ու կամքը նաև կա բոլորի մոտ։ Սա նաև ինքնության ու պատվի խնդիր է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Կառավարությունն օգնում է մեծերին. «անհավասար մրցակցային դաշտ, անարդար մրցակցություն, սա շատ մտահոգիչ է». Ավագ Հարությունյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.