Իմ խորին համոզմամբ` կրթությունը չպետք է ընկալվի որպես կոնկրետ դասընթացների շրջանակներում տեղեկատվություն փոխանցելու և այն սերտելու գործընթաց․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գյուղական դպրոցներում ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը և հանդես եկել ողջույնի խոսքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը նշել է, որ չափազանց կարևորում է կրթական հիմնադրամի ծրագիրը, որը, վստահաբար, իր նորարարական մոտեցումներով կատարում է կրթության համակարգի կատարելագործմանն ուղղված խնդիրները:
«Իմ խորին համոզմամբ` կրթությունը չպետք է ընկալվի որպես կոնկրետ դասընթացների շրջանակներում տեղեկատվություն փոխանցելու և այն սերտելու գործընթաց: Կրթության առանցքում պետք է լինեն արժեքների փոխանակման, վերլուծական մտածողության զարգացման, մարդու ձևավորման ու զարգացման հիմքում ընկած արժեքների փոխանցման ու լիարժեք իրացման գաղափարները: Ավելին, վստահ եմ, որ հանրօգուտ աշխատանքը, այդ թվում` կրթական միջավայրում, արժեքների ձևավորման և փոխանցման ծառայություն է, երբ տալիս ես անգամներ շատ, քան ստանում ես: Այս ծրագիրը հիմնված է հենց նման արժեքների վրա, իսկ վերջինիս շրջանակներում յուրաքանչյուրիդ կողմից իրականացվող աշխատանքն ինքնին արժեքների ձևավորման ու փոխանցման իրական ծառայություն է, որն ունի նաև օրինակելի նշանակություն»,- ասել է Պաշտպանը:
Ավարտելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը վերահաստատել է ծրագրին իր ակտիվ ներգրավվածության պատրաստակամությունը և մաղթել, որպեսզի այն կրի շարունակական բնույթ: