ru24.pro
World News
Август
2024

«Վերածնունդ» թաղամասի բնակիչներն ակցիա են իրականացրել, պահանջում են հետիոտնային անցում. քաղաքապետարանը խոստանում է անցումներ կառուցել

0

«Վերածնունդ» թաղամասի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք փակել էին Մոնթե Մելքոնյան փողոցը՝ պահանջելով հետիոտնային անցում կառուցել:

«Արդեն 4 ամիս է այստեղ ապրում ենք, ընդհանրապես տնից ոտքով դուրս գալն անհնար է, խանութները մոտ չեն, նույնիսկ մեկ հաց գնելու համար մենք ստիպված ենք փողոց անցնել չթույլատրված հատվածով՝ կյանքը վտանգելով, մանկապարտեզ, դպրոց անհնար է ոտքով գնալ»,- ասաց թաղամասի բնակիչներից մեկը:

Նրանց պնդմամբ թաղամասի մյուս ծայրից դուրս գալու համար ևս իրենց հետիոտնային անցում է անհրաժեշտ:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ «Երևան Պարկ»-ին հարակից ճանապարհահատվածում առաջիկա 20 օրվա ընթացքում կազմակերպվելու է հետիոտնային անցում, ինչպես նաև «Վերածնունդ» թաղամասի հարակից ճանապարհահատվածում 7-8 ամսվա ընթացքում կկառուցվի նաև վերգետնյա անցում՝ հետիոտների անվտանգությունն ապահովելու նպատակով:

««Վերածնունդ» թաղամասում անվտանգ երթևեկության կազմակերպման ուղղությամբ քաղաքապետարանում ձեռնարկվում են համապատասխան քայլեր։ Տեղեկացնում եմ, որ ներկայումս իրականացվում են ուսումնասիրություններ նշված ճանապարհահատվածում երթևեկության անվտանգության բարելավման ուղղությամբ, մասնավորապես՝ նախատեսվում է «Երևան Պարկ»-ին հարակից ճանապարհահատվածում առաջիկա 20 օրվա ընթացքում կազմակերպել հետիոտնային անցում, ինչպես նաև «Վերածնունդ» թաղամասի հարակից ճանապարհահատվածում 7-8 ամսվա ընթացքում կկառուցվի վերգետնյա անցում՝ հետիոտների անվտանգությունն ապահովելու նպատակով»,– ասաց Կոստանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ նշված փոփոխությունները կիրականցվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղակայմամբ, ինչպես նաև գծանշումներով: