ru24.pro
World News
Август
2024

Պետք է կարողանանք հաղթահարել իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը. ՄԻՊ

0

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը օգոստոսի 23-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ: 

Հանդիպմանը մասնակցել է 51 երեխա Երևանից և ՀՀ տարբեր մարզերից:

Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները:

Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։

«Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ արժեքների վրա, իսկ այդ արժեքները մեր հասարակության մեջ կարող ենք արմատավորել կրթության միջոցով և մեր օրինակելի վարքագծով։ Մենք պետք է ունենանք բազմազանության նկատմամբ հարգանք, երաշխավորենք յուրաքանչյուրի արժանապատվության անխախտելիությունը, հաղթահարենք իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը»,- ասել է Պաշտպանը:

Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ: Անահիտ Մանասյանն ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը երեխաների հետ զրուցել են նաև բուլինգի, խտրականության դեմ պայքարի, խոսքի ազատության, հավաքների ազատության իրավունքների և մի շարք այլ հարցերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, այդ ուղղությամբ ՄԻՊ հաստատության իրականացրած աշխատանքներին։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը խոսել է նաև Ժնև՝ Միավորված ազգերի կազմակերպություն, կատարած այցի մասին, որին իր հետ համատեղ մասնակցել են նաև խորհրդի անդամ երեխաները:

Պաշտպանը նշել է, որ նրանց դերակատարությունն այցին առանցքային էր, քանի որ երեխաներն իրենք են խոսել բնագավառին առնչվող տարբեր խնդիրների մասին:

Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել դպրոցականներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում:

The post Պետք է կարողանանք հաղթահարել իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը. ՄԻՊ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.