ru24.pro
World News
Август
2024

Հայոց պետականությունն Արցախի և Հայաստանի Հանրապետությունների վերամիավորումն ուղենիշ հռչակող պետությունն է, այդ ընթացքից չենք շեղվելու. Արթուր Խաչատրյան  

0

Անկախության հռչակագիրը ոչ միայն սկիզբ դրեց հայոց անկախ պետականության վերականգմանը, այլ նաև ուղենշեց այն հիմնական քաղաքական կետերը, սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը: Այս մասին ՀՀ Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված հավաքին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այդ Հանրապետությունը, որի կործանմանը տանում են այսօրվա իշխանությունները, մի քանի հիմնական սկզբունք ուներ: «Առաջինը համահայկական նպատակների իրականացումն էր: ՀՀ-ն միայն 29,742 քկմ վրա ապրող հայերի և հայաստանցիների հայրենիքը չէ. հռչակվեց, որ դա համայն հայության հայրենիքն է: Դրանից բացի, ամենակարևորը՝ այս պետության հիմքը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ ստեղծված պետությունն էր: Այս ՀՀ-ի հիմքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններն էին, դա է եղել մեր պետության հիմքը»,-ասաց նա:

Խաչատրյանն ընդգծեց՝ այսօր, Հայաստանի իշխանությունները, փորձելով սեպ խրել այս երկու պետությունների արանքում, սեպ խրել Հայաստանի, Արցախի և սփյուռքահայության միջև, նպատակ ունեն պառակտել մեր ազգը, գլոբալիզացիայի հոսանքների գերի դարձնել և վերջիվերջո ջնջել հայկականությունը:

«Ասօր, նշելով ՀՀ անկախության հռչակագրի 34-ամյակը, մենք ուղերձ ենք հղում՝ ո՛չ, հայ ժողովուրդն ունի համահայկական նպատակներ, հայոց պետականությունն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության վերամիավորումը ուղենիշ հռչակող պետությունն է և այդ ընթացքից հնարավոր չէ մեզ շեղել»,-նշեց նա: