ru24.pro
World News
Август
2024

«Ինձ ուղարկվող ծանուցումը ինչո՞ւ եք ուրիշ տեղ ուղարկել». Հրայր Թովմասյանի գործով դատական հաջորդ նիստին կներկայացվեն պաշտպանական ճառերը (տեսանյութ)

0

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստին այսօր նախատեսված էր ունկնդրել պաշտպանական կողմի ճառերը:

Գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Դատարանը փոստային առաքմամբ փաստաբանին ուղարկել է իր բացակայությամբ կայացած՝ թվով 3 դատական նիստի արձանագրությունների կրիչները: «Օգոստոսի 16-ին ստացել եք»,-ասաց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:

Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ ակնհայտորեն չեն ստացել փոստային առաքմամբ ծանուցումը: Ապա Օրբելյանին տրամադրվեց այն ծանուցումը, ըստ որի, նա ստացել է արձանագրությունների կրիչները: «Երևան քաղաք Շերամ փողոցն ի՞նչ կապ ունի ինձ հետ: Ինձ ուղարկվող ծանուցումը ինչո՞ւ եք ուրիշ տեղ ուղարկել, սա դեռ պետք է պարզել: Կարող եք ճշտել՝ ես Շերամի փողոցի հետ որևէ կապ չունեմ»,-ասաց Օրբելյանը:

Ապա Օրբելյանը նշեց, որ իրեն ժամանակ է պետք՝ հասկանալու՝ ինչ է տեղի ունեցել իր բացակայության շրջանում դատական նիստերին և քանի որ պատշաճ փոստային ծանուցում չի ստացել, միջնորդություն ներկայացրեց՝ ժամանակ տրամադրել՝ ծանոթանալու դատական նիստերի ձայնագրություններին ու պատրաստվելու պաշտպանական ճառին։

Մեղադրող կողմը առարկություն չհայտնեց միջնորդության վերաբերյալ, դատարանը բավարարեց միջնորդությունը՝ մինչև օգոստոսի 28-ը ժամանակ տրամադրելով պաշտպանական ճառին պատրաստվելու համար։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ ընդհանուր առմամբ հետաձգված 73 դատական նիստի հետաձգման հիմք ստեղծել է կամ ամբաստանյալ Նորայր Փանոսյանի պաշտպանական թիմը, կամ Հրայր Թովմասյանն ու իր պաշտպանական թիմը։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: