Քրեական հեղինակություն Ֆազին ազատ արձակելու համար կալանավորված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարցը հասել է ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ Ֆազին ազատ արձակելու համար կալանավորված եւ դատական քաշքշուկների մեջ հայտնված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարցը հասել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման հարցով դատավոր Ալեքսանյանը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ։
Նշենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում գտնվող քրեական վարույթով՝ իր եղբոր ընկերոջ եւ իր մտերիմ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրելու, ապա այն բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։
Ըստ ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ի վերջո, մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը փոխարինել էր գրավով։
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Սերգեյ Գրիգորյանը բոլորին հայտնի Ֆազն է, որին սպանեցին այս տարվա հունիսի 11-ին, եւ գործի մեղադրանքով այսօր կալանավորված է Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։