ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 45 ուկրաինական ԱԹՍ է խոցել, որոնցից 11-ը՝ Մոսկվայի մարզում. ՌԴ ՊՆ
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր 45 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, որոնցից 11-ը՝ Մոսկվայի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:
«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է 45 ինքնաթիռային տիպի ԱԹՍ», - ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ անօդաչուներից 11-ը խոցվել են Մոսկվայի մարզի տարածքում, ևս 23-ը՝ Բրյանսկի մարզի, 6-ը՝ Բելգորոդի մարզի, 3-ը՝ Կալուգայի մարզի և 2-ը՝ Կուրսկի մարզի տարածքում։
Ուկրաինայի ԶՈւ-ի՝ ՌԴ մայրաքաղաքի վրա հարձակում իրականացնելու փորձի մասին ավելի վաղ հայտնել է նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ նշելով, որ ժամը 04:43-ի դրությամբ Մոսկվայի երկնքում արդեն 10 անօդաչու է ոչնչացվել։ Նրա խոսքով՝ սա ԱԹՍ-ներով Մոսկվայի վրա հարձակում իրականացնելու ամենամասշտաբային փորձերից մեկն է։