ru24.pro
World News
Август
2024

ՀՀ-ին ու Թուրքիային ձեռնտու չէ Պուտինի այցն այս փուլում, Ադրբեջանը նրա հանդեպ ունեցած պարտքերից ելնելով է համաձայնել այցին. քաղաքագետ

0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու պաշտոնական այցի, Ալիևի հետ ունեցած հանդիպումների ընթացքում արած հայտարարությունների, Պուտինի՝ ՀՀ չայցելելու պատճառների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ:

- Պարո՛ն Վարդանյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով Ադրբեջանում է. այս իրավիճակում, երբ Կուրսկում մեղմ ասած լարված իրավիճակ է, ինչո՞վ եք այս այցը պայմանավորում:

- Որպես կանոն պետական այցերն ընդհանրապես նախապատրաստվում են շատ վաղուց, երբեմն նույնիսկ մեկ, երկու տարի: Ամենայն հավանականությամբ, այս այցն էլ շատ վաղուց է նախապատրաստված եղել, բայց այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Պուտինը չի հետաձգել այցը, Ռուսաստանի համար այս չափազանց դժվար ժամանակներում:

Կարծում եմ՝ այցը չի հետաձգել, որ ցույց տա՝ Ռուսաստանում ամեն ինչ վերահսկվում է և որ խուճապային տրամադրություններ չթողնի ռուս ժողովրդի, Ռուսաստանի քաղաքացիների մոտ: Պետք է ասեմ՝ երբ ուկրաինացիները ներխուժեցին Կուրսկի մարզ մեկ օր ռուսական դաշտը, ռուս բլոգերները լիովին լռություն էին պահպանում՝ փորձելով մեղմացնել աղետի չափերը և ցույց տալ, որ շատ մեծ իրադարձություն տեղի չի ունեցել:

Իրականում, շատ մեծ աղետ է տեղի ունեցել և ունենում. 2-րդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ Ռուսաստանի տարածք են ներխուժել այլ երկրի ռազմական ստորաբաժանումները և այս ամենի ֆոնին Պուտինը պարզապես փորձում է ցույց տալ՝ պետք չէ խուճապի մատնվել, ամեն ինչ վերահսկվում է:

- Ըստ Ձեզ, ինչո՞ւ է այցելել հենց Ադրբեջան, չի այցելում, օրինակ, Հայաստան կամ Թուրքիա. չնայած՝ խոսք կա, որ գնալու է նաև Թուրիքա, բայց այս այցը կարող էր լինել նաև տարածաշրջանային:

- Իրականում Թուրքիա վաղուց է ուզում այցելել Պուտինը, բայց ժամանակների մասով համաձայնության չեն գալիս, Հայաստանն էլ իր համաձայնությունը չի տալիս Պուտինի՝ Հայաստան այցին:

Այս փուլում, նաև ապագայում էլ այդպիսի այց չի լինելու, որովհետև Հայաստանը ստորագրել է Հռոմի ստատուտի կանոնադրությունը, որով իր վրա պարտավորություն է ստանձել միջազգային քրեական դատարանի կողմից ձերբակալման օրդեր տրված բոլոր մարդկանց արտահանձնել ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարան: Պուտինը, ինչպես գիտենք, այդ գործով անցնում է և Հայաստան ժամանալուն պես Հայաստանը պարտավոր է ուղղակի ձերբակալել Պուտինին: Հենց այս հիմքով՝ Հայաստանը տարբեր պատրվակներով, գոնե այս փուլում այդպիսի համաձայնություն չի տա, որ նա գա Հայաստան:

Թուրքիայի մասով մեկ այլ պատճառ էլ եմ տեսնում. Թուրքիան այժմ փորձում է Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորել և նրանց էլ, ըստ էության, ձեռնտու չէ այս փուլում Պուտինին ընդունել: Միայն Ադրբեջանն է՝ ինչ-ինչ հաշվարկներից, կամ հենց Պուտինի առջև ունեցած պարտքերից ելնելով, համաձայնել, որ Պուտինը ժամանի Ադրբեջան:

- Պարո՛ն Վարդանյան, որքանո՞վ Մոսկվան կարող է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, որքանո՞վ է դա իր շահերից բխում, կամ առհասարակ իր շահերից բխո՞ւմ է խաղաղության համաձայնագրի ստորագրումը:

- Խիստ կասկածում եմ խաղաղության պայանագրի ստորագրման Ռուսաստանի անկեղծ ցանկությանը: Ռուսաստանին ձեռնտու չէ Ադրբեջան-Հայաստան կոնֆլիկտի լուծումը, որ մշտապես լծակներ ունենա երկու երկրների վրա: Ռուսաստանն իրականում չի ցանկանում, որ խաղաղության համաձայնագիրը կնքվի, ընդ որում, ակնհայտ է՝ դա չի ցանկանում նաև Արդբեջանը: Դրա համար տարատեսակ պահանջներ է դնում Հայաստանի առջև: Կան տեսակետներ՝ Ադրբեջանի նախագահը չի գնում խաղաղության համաձայնագրի Ռուսաստանի պահանջով, ես ըդնհանուր առմամբ կիսում եմ այդ տեսակետը:Կարծում եմ՝ այն շատ ռացիոնալ է և հենց դրա համար Ալիևն անընդհատ Հայաստանի առջև պայմաններ է դնում:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա սա, գոնե այս փուլում, բխում է Ռուսաստանի շահերից, որ կարողանա նոր ճանապարհներ ստանա դեպի Թուրքիա: Ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանը բազմաթիվ կոմունիկացիաներից զրկվել է, ուստի Թուրքիայի հետ կոմունիկացիան նրանց համար կենսական մեծ նշանակություն ունի: Այստեղ կարծես Ալիևն արել է քայլ, որն այդքան էլ Ռուսաստանի սրտով չէ: Ինչպես գիտեք՝ վերջերս հայտարարվեց, որ խաղաղության համաձայնագրից դուրս է թողնվելու կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը, դա պետք է քննարկվի շատ ավելի ուշ:

Ալիևն ԱՄՆ-ի ճմնշան տակ է գնացել այդ քայլին, համաձայնություն է տվել, որ այդ հարցը քննարկվի և լուծվի շատ ավելի ուշ, ինչը չի բխում Ռուսաստանի շահերից: Հիմա Ալիևի վրա շատ մեծ ճնշում կա ԱՄՆ-ի կողմից: Այս հարցում իրենք տակտիկան նկատառումներից ելնով համաձայնվել են այս կետին, բայց ընդհանուր առմամբ նրանք չեն գնալու խաղաղության պայմանագրի տորագրմանը, տարբեր պայմաններ են դնելու: Այս մի կետի հարցում Ալիևտը ժամանակավոր հետքայլ է արել, բայց շատ լավ գիտի ընդհանուր խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվելու:

- Պուտինը նաև հայտնել է՝ Ադրբեջան այցից հետո կկապվի Փաշինյանի հետ և կպատմի Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին,  ի՞նչ նոր բան սպասել:

- Պուտինը, այո, կխոսի Փաշինյանի հետ, կփորձի նաև ինչ-ինչ հարցերում Փաշինյանի վրա ճնշումներ գործադրել, բայց Ռուսաստանի լծակները Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու զգալիորեն փոքրացել են, մանավանդ Արցախի հանձնելուց հետո: Իրենք փորձելու են կոմունիակցիաների հարցում ինչ-որ բաներ ճնշել կամ պարտադրել Փաշինյանին, բայց ես վստահ եմ, որ այդ հարցում էլ հաջողության չեն հասնելու: