ru24.pro
World News
Август
2024

Ադրբեջանը հերթական «մարդասիրությունն» է ձևացնում, սա դատարկ կրկես է. Փոլադյանը՝ Երևանի ու Բաքվի փոխադարձ համաձայնության մասին 

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը

– Պարո՛ն Փոլադյյան, Հայաստանի ԱԳՆ-ից տեղեկացում են, որ Երևանի ու Բաքվի փոխադարձ համաձայնությամբ՝ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։ Նշեմ, որ այս մասին ավելի վաղ խոսել էր Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, նշելով նաև, որ պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտն այսօր ՀՀ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի հիշատակումն է։ Երկկողմ համաձայնությունը ինչպե՞ս եք գնահատում, ինչո՞ւ է Ադրբեջանն այս փուլում համաձայնել դրան։

– Ադրբեջանի քաղաքականությունը մեզ վաղուց է հայտնի․ ժամանակ առ ժամանակ բանակցությունների ընթացքում իրենք իրենց ժամանակ են տալիս՝ փորձելով պատրաստվել հետագա քաղաքական, ինչպես նաև ռազմաքաղաքական գործողություններին։ Այս որոշումը ևս բացառություն չէ։ Ադրբեջանը կարծես թե համաձայնել էր 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, բայց հետո տեսանք, որ այդ փաստաթուղթը զրոյի հավասարեցրեց՝ միակողմանի հրաժարվեց այդ փաստաթղթով սահմանված իր պարտավորությունները կատարելուց, ավելին՝ շարունակեց միջազգային ահաբեկչական գործողություններն արդեն Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքում։ 

Առջևում COP29-ն է, բացի այդ՝ մի շարք եվրոպական երկրների հետ համաձայնագրեր է կնքել էներգետիկ ոլորտում, այս ու նաև այն պայմաններում, երբ կարծես թե ապացուցելի է դառնում Ադրբեջանի կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործություն իրականացնելու հանցակազմը, բնականաբար, պետք է փորձեն հերթական «մարդասիրությունը» ձևացնել՝ միջազգային հանրության աչքը շոյելու համար, իսկ այս որոշումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական խեղկատակություն ու դատարկ կրկես։ 

Ադրբեջանում հիմա, անունը դրել են՝ փոքրածավալ լոկալ զորավարժություններ, բայց իրականում մեծամասշտաբին բնորոշ զորավարժություններ են անցկացնում։ Արցախի Հանրապետության ժամանակավորապես օկուպացրած տարածքներում 55-ին գումարում են ևս 5 ընտրատեղամաս ու շարունակում խաղալ այն թատրոնը, որում խոսվում է այն մասին, իբրև թե Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ապրում են Արցախի ժամանակավորապես օկուպացրած տարածքներում, մասնակցելու են ընտրություններին, այսինքն՝ սա խեղկատակության շարունակությունն է։ 

Ադրբեջանը մի կողմից իր հանրությանն այս կերպ ցույց է տալիս, թե հարցը փակ է, զուգահեռաբար էլ հսկայածավալ զինամթերք է գնում եվրոպական երկրներից, էլ չեմ ասում Իսրայելի ու Թուրքիայի մասին։ Այս ամենին զուգահեռ իրենք հայտարարում են, թե հանում են այդ դրույթը, սա ոչ այլ ինչ է, քան երիտթուրքերի քաղաքականության շարունակությունը, ենթադրում եմ՝ Թուրքիայի կոորդինացիայով և Թուրքիայի Հանրապետության հնչեցրած խորհուրդներով կամ նույնիսկ հրահանգներով։

– Այսինքն՝ ժամանակ շահելու նպատակո՞վ է Ադրբեջանը եկել այս որոշմանը։

– Այս պահին հարմար դրություն էր պետք ստեղծել իրենց համար՝ COP29-ից առաջ, որպեսզի հնարավորինս քիչ լինեին մեղադրանքները, և, այո՛ փորձում են ժամանակ շահել։ Ադրբեջանը Թուրքիայի ու Իսրայելի դրդմամբ, մեծ քայլերով պատրաստվում է հնարավոր ռազմական գործողությունների, թեկուզ գիտակցելով, որ դա դեմ է սեփական շահերին։ Այս դրույթի հանումն առավելևս նշանակում է, որ Ադրբեջանը միանշանակ չի պատրաստվում խաղաղության, ու նրա նպատակները բխում են բացառապես պանթյուրքիզմի ու տարածաշրջանային մի քանի պետությունների շահերից։ 

Եթե Ադրբեջանն իրապես գոնե մի փոքր միտում ունենար առ այն, որ իրենք ցանկանում են խաղաղություն ու հնարավոր են համարում խաղաղությունը Հայաստանի հետ, ապա գոնե այս դրույթի վերաբերյալ կասեին, որ այս հարցն ընդհանրապես չի քննարկվելու, իսկ մենք էլ մեր զորքերը հետ ենք քաշում Հայաստանի սուվերեն տարածքից։ Ադրբեջանն ամեն ինչ անելու է բանակցային գործընթացը տապալելու և տարածաշրջանում նոր էսկալացիայի պարարտ հող պատրաստելու համար, բայց ոչ հիմա, այլ ժամանակի ընթացքում։

– Պարո՛ն Փոլադյան, ինչո՞ւ հենց այս դրույթն են դուրս թողել, թեկուզ ժամանակ շահելու նպատակով, և ոչ թե Սահմանադրության փոփոխությունը, որը պահանջում են Հայաստանից։

– Ամեն բան շատ հստակ է, իրենք չեն հրաժարվում դրանից, որովհետև Արցախում, արդեն ասացի, ընտրատեղամասեր են ավելացնում, շարունակում են թատրոն խաղալ՝ հասարակությանը համոզելու համար, որ՝ վե՛րջ, Արցախի հարցը փակ է, ինչը մեղմ ասած այդպես չէ։ Հետևաբար չէին կարող այս հարցում «զիջումների» գնալ, ինչպես «Զանգեզուրի միջանցքի» դեպքում։ Այսինքն՝ իրենք փորձում են այդ փոփոխությամբ ցույց տալ իրենց հանրությանը, որ Արցախի հարցը վերջնականապես փակված է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ադրբեջանը հերթական «մարդասիրությունն» է ձևացնում, սա դատարկ կրկես է. Փոլադյանը՝ Երևանի ու Բաքվի փոխադարձ համաձայնության մասին  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.