Պատերազմի հետքը. կախվածություն թմրամիջոցից և ալոկհոլից. «Ցավոք, պատերազմից հետո նման դեպքերը եզակի չեն»
Պատերազմում որդուն կորցրած մարդը, որը նախկինում ալկոհոլի նկատմամբ կատարյալ անտարբեր է եղել, մի քանի ամսում խմիչքից կախվածություն է ձեռք բերել:
«Ցավոք, պատերազմից հետո նման դեպքերը եզակի չեն»,- ասում է ՀՀ ԱՆ կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը։
Նա նշում է, որ պատերազմից հետո մարդիկ ձգտում են մոռանալ սեփական խնդիրները, տրավմաները և ապրումները, երբեմն՝ թմրամիջոցների ու ալկոհոլի օգնությամբ:
«Այո՛, պատերազմի հետևանքով գրանցվել է հոգեներգործուն նյութերի չարաշահման որոշակի աճ։ Մարդկանց երեք խմբի կարող ենք բաժանել․ մարդիկ, որ մասնակցել են ու տեսել են պատերազմը, այս մարդիկ ավելի խոցելի են։ Պատերազմի դաժանությունները, հետպատերազմական շրջանում տրամադրության անկումները, բացասական փոփոխությունները կարող են առաջացնել ոչ սթափ ապրելու ցանկություն՝ սկսած ալկոհոլից մինչև թմրամիջոցների օգտագործում։ Երկրորդ խումբը հարազատ կորցրած մարդիկ են, որ բավականին շատ են ու էլի խոցելի են, և երրորդը ընդհանուր հասարակությունն է, որ ևս անմասն չի մնացել, քանի որ ամեն օր ապրել է ու ԶԼՄ-ներով տեսել պատերազմի չարիքը»,- ասում է Սուրեն Նազինյանը։
Նազինյանը նշում է՝ հոգեներգործուն նյութերը շատ են՝ սկսած ալկոհոլից ու ավարտած ամենածանր թմրամիջոցով։ Յուրաքանչյուր նյութ ունի իրեն բնորոշ ազդեցությունը, հետևաբար ցանկացած իրավիճակում պետք է վշտի կամ խնդրի լուծումը փնտրել այլ տեղում ու այլ ձևով։
«Երիտասարդները, ցավոք, հոգեներգործուն նյութերի նկատմամբ ավելի խոցելի են»,- նշում է նա։
Սկսած 2022 թ.-ից ոլորտին առնչվող գերատեսչությունները սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել այս խնդրին, ու սկսվեց նոր ռազմավարության մշակումը, որի նպատակը պայքարի արդյունավետության բարձրացումն էր։ Ըստ Նազինյանի՝ ռազմավարության հաստատումից հետո արդյունքները տեսանելի են, վիճակագրական ցուցանիշներն էլ են փաստում այդ մասին։
Հայաստանում թմրամիջոցների օգտագործման մասին համաճարակաբանական և վիճակագրական տվյալները խիստ սահմանափակ են:
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2020 թվականի համեմատ, նարկոլոգիական ծառայություններում թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված հաշվառված անձանց թիվն աճել է: Եթե 2020-ին հաշվառված է եղել 7392 անձ, ապա 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այդ թիվը հասել է 7570-ի:
2021 թվականի տվյալների համաձայն՝ թմրամիջոցներից կախվածություն ունեցող 7570 անձից 4694-ը հաշվառված են կաննաբինոիդների խմբի թմրամիջոցներ (F12) օգտագործելու համար, 2868 անձ՝ ափիոնատիպ նյութեր (F11) և ընդամենը 8 անձ կոկաին (F14) օգտագործելու համար:
2021 թվականի տվյալների համաձայն՝ նարկոլոգիական ծառայություններում հաշվառված անձանց թվում թմրամիջոցներ օգտագործողների խմբում գերակշռում են 28-49 տարեկան անձինք՝ 4298 անձ (57.2%): 1537 անձ (20%) ներկայացնում է 19-27 տարեկանների խումբը, 1532-ը (20.3%)՝ 50-64 տարեկանների խումբը, 189-ը (2.3%)՝ 65 տարեկանից բարձր տարիք ունեցող անձանց խումբը, 10-ը (0.08%)՝ 18 տարեկանների խումբը և 4 անձ (0.08%)՝ մինչև 18 տարեկանների խումբը:
Չնայած ձեռնարկվող միջոցներին՝ նաև բացահայտումն է բարդանում, քանի որ տելեգրամյան ալիքներով թմրամիջոց վաճառողներն ու ձեռք բերողները կարողանում են անանուն մնալ։ Նազինյանը, սակայն, փաստում է, որ սրան զուգահեռ իրավապահ մարմինների պատրաստվածությունը ևս մեծանում է, նրանք տեխնիկապես վերազինվում են։ 2023-ին լուրջ բացահայտումներ են եղել, քրեական գործեր հարուցվել, սակայն Տելեգրամ ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առանձին հաշվառում չի իրականացվում։
«Ճիշտը մարդու գիտակցությունը բարձրացնելն է, հատկապես երիտասարդների շրջանում, նրանց ավելի քիչ խոցելի դարձնելն է՝ գիտելիքի, երիտասարդի դրական զբաղվածությունն ապահովելու միջոցով»,- նշում է Սուրեն Նազինյանը, քանի որ թմրամիջոցների չարաշահման հարցը միշտ է եղել ազգային անվտանգության խնդիր։
Որքան շատ են սթրեսածին իրավիճակները, այնքան հոգեներգործուն նյութերն ավելի շատ են տարածվում։ Ալկոհոլը ամենահասանելին է, ու մարդիկ փորձում են վիշտը թաղել ալկոհոլի մեջ, ինչի հետևանքով մարդը ֆիզիկապես հյուծվում է, զարգանում է կախվածության համախտանիշ:
«Եթե ալկոհոլի կամ կոֆեինի դեպքում ասում ենք՝ ուղղակի մի չարաշահեք, որովհետև կախվածություն է առաջացնում, ապա թմրամիջոցների դեպքում բոլորին էլ ասում ենք՝ պետք է ընդհանրապես զերծ ապրել, որովհետև մեկ կամ երկու անգամ փորձելը կարող է արդեն կախվածության համախտանիշ առաջացնել: Խորհուրդս է՝ սթրեսների դեպքում դիմել մասնագետի՝ հոգեբանի, հոգեբույժի կամ նույնիսկ հարազատ մարդու օգնությանը, քան փորձել այդ վիշտը, խնդիրը թաղել, մոռանալ հոգեներգործուն նյութեր օգտագործելով, որոնք բերում են կախվածության, հետո՝ հոգեկան, ապա նաև ֆիզիկական կործանման»,- ասում է Սուրեն Նազինյանը և հիշեցնում, որ ՀՀ քաղաքացիների համար կախվածությունից բուժումն իրականացվում է անվճար՝ պետպատվերի շրջանակում։
Տեքստը՝ Սաթենիկ Հայրապետյանի
Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի
Փոդքասթը վարում է Լիաննա Խաչատրյանը
MediaLab.am
The post Պատերազմի հետքը. կախվածություն թմրամիջոցից և ալոկհոլից. «Ցավոք, պատերազմից հետո նման դեպքերը եզակի չեն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.