ru24.pro
World News
Август
2024

Օպերայի և բալետի թատրոնում էլեկտրամատակարարման ընդհատում է եղել ներկայացման ժամանակ. Թատրոնը կդիմի իրավասու մարմիններին

0

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ երեկ բալետային ներկայացման ժամանակ տեղի է ունեցել էլեկտրամատակարարող ընկերության կողմից, առանց նախապես ծանուցելու, էլեկտրաէներգիայի մատակարարման հերթական ընդհատումը, ինչի պատճառով դադարեցվել է հերթական ներկայացումը։

«Պարբերական դարձած այս խնդիրը ոչ միայն մեծ անհարմարություն և բարոյական վնաս, այլև նյութական և ֆինանսական մեծ կորուստներ է պատճառում թե՛ թատրոնին իր բնականոն աշխատանքային գործունեության իրականացման հարցում, թե՛ առաջացնում է հանդիսատեսի օբյեկտիվ վրդովմունքը։ Հատկապես երեկ, երբ լեփ-լեցուն դահլիճում հյուրախաղերով հանդես է եկել բալետային հրավիրյալ խումբ արտերկրից։  

Թատրոնի ղեկավար անձնակազմը հայցում է հանդիսատեսի ներողամտությունն էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության պատճառած անհարմարության համար, ինչպես նաև հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու վրա:

Անթույլատրելի ենք համարում էլեկտրամատակարարող ընկերության՝ պարբերաբար և տևական ժամանակով էլեկտրամատակարարման ընդհատումները, ինչի կապակցությամբ Թատրոնը կդիմի իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ: