Իրանին ավելի շատ մտահոգում է ոչ թե ԵՄ-ի, այլ Իսրայելի ներկայությունը Հարավային Կովկասում․ Սերգեյ Մելքոնյան
Իրանին ավելի շատ մտահոգում է ոչ թե ԵՄ-ի, այլ Իսրայելի ներկայությունը Հարավային Կովկասում։
Այս մասին պ.գ.թ. , «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, «Հայկական նախագծի» համահիմնադիր, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը հայտարարեց «Իրանը՝ որպես տարածաշրջանային գործընթացների վրա ազդեցության գործոն» գիտաժողովի ժամանակ։
«Պաշտոնական հայտարարություններն ուսումնասիրելիս, փորձագիտական հանդիպումների ժամանակ կտրուկ բացասական գնահատականներ չեմ նկատել Հարավային Կովկասում ԵՄ ներկայության վերաբերյալ։ Իրանի տեսանկյունից նույնիսկ ԵՄ-ի մասնակի ներկայությունը նպաստում է ուժերի տարածաշրջանային հավասարակշռության պահպանմանը»,-ասել էՄելքոնյանը։
Իսրայելի ընդլայնվող ներկայությունը դիտարկվում է որպես տարածաշրջանում անկայունության գործոն։
«Այս առումով Ադրբեջանի և Իսրայելի գործընկերությունն արդեն ռազմավարական բնույթ է կրում, քանի որ այն շոշափում է ոչ միայն այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումները, այլև արդեն կիբեռանվտանգության ոլորտը։ Իսրայելցի մասնագետները ադրբեջանցի մասնագետներ են պատրաստելու այդ ոլորտում»,- հավելեց Մելքոնյանը։
Բացի այդ, արդեն խոսվում է տիեզերքում համագործակցելու մասին։ Պայմանագրեր են կնքվել ավելի քան 100 մլն դոլարի չափով։ Պայմանավորվածություն կա, որ Իսրայելը ադրբեջանական արբանյակներ կարձակի։
Փորձագետի խոսքով` Իրանը դրանում մեծ խնդիր է տեսնում սեփական անվտանգության և Հարավային Կովկասի անվտանգության համար։