Ամեն օր ավելի ու ավելի ենք հեռացնում պատերազմի վտանգը, չենք զրոյացնում, բայց ավելի ու ավելի ենք հեռացնում. Հովիկ Աղազարյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը
– Պարո՛ն Աղազարյան, այն, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հեծանիվ է վարում, հանրության մի մասի ու ընդդիմության մոտ առաջացրել է մտահոգություն, որ տարածաշրջանում ծայրահեղ լարված այս իրավիճակում, փոխանակ երկրի վարչապետը լրջորեն զբաղվի երկիրը պաշտպանելու գործով, անլուրջ քայլերով է զբաղված։ Այս մտահոգությունը տեղին համարո՞ւմ եք։
– Ինձանից հիմա շատ մեծ էներգիա կպահանջվի այս արձակուրդի պայմաններում, որպեսզի ես շատ կոպիտ խոսքեր չասեմ ընդդիմության հասցեին։ Իրենք կարող են նաև այլ բաներ էլ ասել, որ, օրինակ՝ վարչապետը հաց էլ է ուտում ու սովորական մարդուն առնչվող առօրյա լիքը-լիքը բաներ էլ է անում, բայց մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի։ Վարչապետը դա անում է աշխատանքի՞ ժամին, թե՞ անում է դրանից առաջ կամ հետո, եթե աշխատանքի ժամին աներ, կարելի էր ինչ-որ տեղ դիտողությունը հասկանալ, բայց եթե դա արվում է աշխատանքից առաջ ու դա նրան, ինչպես ցանկացած մեկին, էներգիա է տալիս, որպեսզի ինքն ավելի լավ զբաղվի Սահմանադրությամբ ու օրենքներով իր առաջ դրված պարտականություններով, ի՞նչ վատ բան կա այդտեղ։
– Նկատի ունեք, որ Նիկոլ Փաշինյանը զբաղվում է և՛ երկրի անվտանգային հարցերով, և՛ իր ազատ ժամանակն օգտագործում է այնպես, ինչպես ուզո՞ւմ է։
– Ես համոզված եմ, որ վարչապետը Սահմանադրությամբ ու օրենքներով իր առջև դրված պարտականությունները կատարում է անհրաժեշտից մի քիչ ավելի բարձր մակարդակով, սա իմ սուբյեկտիվ գնահատականն է, բնականաբար։
– Այսինքն՝ այդ մտահոգություններն անտեղի՞ են։
– Ես ինչպես կարող եմ չընդունել, որ լարված իրավիճակ է տարածաշրջանում, աշխարհում, ո՞նց կարող է դա չընդունեմ, ես ուղղակի ասում եմ, որ վարչապետը Սահմանադրությամբ ու օրենքներով իր առջև դրված պարտականությունները կատարում է անհրաժեշտից բարձր մակարդակով, և ներողություն եմ խնդրում նման գնահատական տալու համար, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որի հետ կարող է նաև դուք համամիտ չլինեք։ Բայց դա չի նշանակում, որ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, աշխարհում խաղաղություն է, բոլորովին։ Դա չի նշանակում, որ վաղը պատերազմ չի լինելու, ամեն ինչ էլ հնարավոր է։
– Պարո՛ն Աղազարյան, այդ բոլոր մարտահրավերներին, որոնց մասին դուք էլ ասացիք, Հայաստանը պատշաճ կերպով պատրա՞ստ է։
– Այո՛, մենք ամեն օր ավելի ու ավելի ենք հեռացնում պատերազմի վտանգը, չենք զրոյացնում, բնականաբար, բայց ավելի ու ավելի ենք հեռացնում։
– Ի՞նչ քայլերով եք դա անում։
– Առաջինը՝ արտաքին հարաբերությունների հարթակներում, երկրորդը՝ տնտեսության անհրաժեշտ աճի ապահովման գործընթացով, ինչպես նաև երկրի պաշտպանվողունակությունը բարձրացնելու ճանապարհով ու նաև հարևանների հետ լեզու գտնելու ու ապրելու պատրաստակամությամբ։ Սրանք են այն անհրաժեշտ քայլերը, որոնք պետք են պատերազմի վտանգը որքան հնարավոր է հեռացնելու համար, զրոյացնել երբեք չենք կարող։
– Պարո՛ն Աղազարյան, իսկ մոտ ապագայում խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր համարո՞ւմ եք՝ դատելով Ադրբեջանի դիրքավորումից։
– Անցած կամ նախանցած տարի, երբ այդ հարցը տալիս էիք, ես ասում էի, որ չեմ տեսնում դրա հնարավորությունը, հիմա տեսնում եմ այդ հնարավորությունը, բայց թե դա ե՛րբ կլինի, չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղության պայմանագիր կնքելով, դա իմ գնահատականն է, բայց հավանականությունը հիմա ավելի շատ է, քան առաջ էր։
– Բագրատ Սրբազանը աշնանը վերսկսում է անհնազանդության ակցիաները, ինչպե՞ս եք գնահատում շարժման՝ հաջողության հասնելու շանսերը։
– Տերտեր Բագրատը, երբ կարողանա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում ժողովրդին ապացուցի, որ ինքը ձերբազատված է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջ հավաքված քաղաքական գործիչների և ուժերի ազդեցությունից, ապա ինքը հնարավորություն կունենա 2026-ի խորհրդարանական ընտրություններին, արդյունքի հասնելու դեպքում, խորհրդարանում խմբակցություն ունենալ։
– Այսինքն՝ կարծում եք, թե Բագրատ Սրբազանը կապված է նախկին նախագահների հետ, և որ մինչև 2026 թվականը ձեր իշխանությունը մնալու է։
– Ես կարծում եմ, որ տերտեր Բագրատը նախկինների առանցքի շուրջ հավաքված անհատների ու քաղաքական ուժերի ձեռքի գործիք էր ու է։ Եվ, այո՛, արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Ամեն օր ավելի ու ավելի ենք հեռացնում պատերազմի վտանգը, չենք զրոյացնում, բայց ավելի ու ավելի ենք հեռացնում. Հովիկ Աղազարյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.