ru24.pro
World News
Август
2024

Փակ շուկայի տարածքից աննկատ կերպով անհետացել են վերջին գյուղապրանք վաճառողները. շուկան ամբողջությամբ վերածվել է «Երևան սիթիի», չնայած Սամվել Ալեքսանյանն ասել էր, որ նման բան չի լինելու

0

Երևանի դիմագիծը համարվող հուշարձաններից մեկը՝ «Փակ շուկան», շատ աննկատ կերպով ամբողջությամբ վեր է ածվել «Երևան սիթիի»: Տարիներ առաջ շուկան քանդելու, այնտեղ շինաշխատանքներ իրականացնելու ու այնուհետև այն ամբողջությամբ «Երևան սիթիի» վերածելու հարցը մեծ աղմուկ էր բարձրացրել, մինչդեռ գործարար Սամվել Ալեքսանյանը 2012 թվականին հերքել էր այդ տեղեկությունն ու ասել, որ պահպանվելու է շենքի նախկին գործունեության տեսակը, այսինքն` պիտի մնա որպես շուկա`ավելի նորացված և վերակառուցված տեսքով, իսկ վաճառականները շարունակելու էին իրենց գործունեությունը:



Օրերս Tert.am-ը նկատեց, որ շուկայի մուտքի հատվածից անհետացել են գյուղապրանքներ վաճառողները, որոնք մի քանի մետր քառակուսու վրա դեռ շարունակում էին իրենց գործունեությունը՝ «Երևան սիթիի» տարածքից անջատ: Այս առնչությամբ զրուցել ենք քաղաքային պլանավորող, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացակայանի հետ, ով Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նախևառաջ պետք է լիցենզիայից զրկել այն ճարտարապետին, ով այդ ժամանակ թույլ է տվել քանդել Փակ շուկան:

«Շատ տգեղ երևույթի հետ գործ ունենք, քանի որ ժամանակին Երևանը, որպես քաղաք, ճանաչված է եղել իր շուկաներով: Գոյություն ունի քաղաքի ինքնության կարևոր էլեմենտ. Երևանը ժամանակին ճանաչված է եղել իր շուկաներով, բաղնիքներով։ Փակ շուկան, ինչպես ժամանակին Ղանթարը,  այդ կարևոր էլեմենտերից մեկն է համարվել: Այսօր Երևանը չունի ո՛չ բաղնիք, ո՛չ էլ շուկա՝ եթե չհաշվենք Սիլաչիի միակ շուկան: Սեփականատերերը պետք է հասկանան մի բան՝ աշխարհի մի շարք քաղաքներում, ինչպես օրինակ Բարսելոնա, Լոնդոն, Լոս Անջելես, քաղաքային իշխանությունները պարտադրում են, որ շուկաները պահպանվեն ու բարեկարգվեն, որովհետև դրանք ոչ միայն զբոսաշրջային հոսքեր ապահովող կենտրոններ են, այլև քաղաքային ինքնության կարևոր մաս: Իսկ, եթե շուկան հայտնվում է  մի մարդու ձեռքում, ով ունի իր սեփական սուպերմակետների ցանցը, պարզ է չէ՞, որ նա առաջինը մտածելու է իր ցանցի մասին: Փակ շուկան առաջին հերթին ճարտարապետական կոթող է, և պետք է վերադարձվի իր հին տեսքին ու ֆունկցիային»,-ասաց Մնացականյանը:

Վերջինիս խոսքով՝ Փակ շուկայի ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանն այն նախագծել է՝ քաղաքային մշակույթի հստակ տրամաբանությամբ, ուստի Փակ շուկային «ձեռք տալուց» առաջ պետք է հաշվի առնեին մի շարք առանցքային հարցեր:

«Էլ չեմ ասում, թե քանի մարդու կյանք է խեղվել: Շուկայի հարյուրավոր աշխատողներ պարզապես հանվեցին այնտեղից: Այսօր նույն Մաշտոցի պողոտայում, Տիգրան Մեծ, Ամիրյան փողոցներում փողոցային առևտրով զբաղվող առևտրականները, որոնց հիմա էլ այնտեղից են հանում, Փակ շուկայի նախկին աշխատողներն են: Պետությունն այստեղ չկատարեց իր սոցիալական պատասխանատվության ֆունկցիան: Երևանում հիմա զարմանում են, թե ինչու է ամռանը լոլիկը 250 դրամի փոխարեն 800 դրամ, պատճառը պարզ է՝ շուկաներ չկան:  

Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ անկախ այս կամ այն գործարարի կողմից որևէ կառույցի սեփականաշնորհումից՝ քաղաքային իշխանությունը պետք է հետևի, որպեսզի քաղաքի դիմագիծը ու ինքնությունը չխաթարվի:

Tert.am-ը զանգահարեց նաև այն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին՝ հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով, Սարգսյանը, սակայն պատասխանեց, որ վաղուց հարցազրույցներ չի տալիս և հրաժարվեց մեկնաբանելուց: