Դիլիջանի մարզադպրոցի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ
Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 5-ին, ժամը 12.52-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել կրծքավանդակի ծակած վերքով, անգիտակից վիճակում քաղաքացի։
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարմնական վնասվածք ստացած անձը Դիլիջան քաղաքի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյանն է, ով հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել է նաև, որ նրան իր «Մերսեդեսով» հիվանդանոց է տեղափոխել Դիլիջանի բնակիչ 41-ամյա Արսեն Ս.-ն:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել մարզադպրոցի հարակից տարածքում, որտեղ տաղավարի սեղանին հայտնաբերվել են օղիով լցված բաժակներ, արնանման հետքեր, իսկ գետնին՝ դանակ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 12.50-ին Արսեն Ս.-ն Կալինինի փողոցում հայտնաբերվել, հանցագործությունը կատարած լինելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է Դիլիջանի քննչական բաժին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նա ձերբակալվել և տեղափոխվել է Դիլիջանի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Վերոհիշյալ տաղավարում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 38-ամյա Վահագ Հ.-ն դանակով հարվածել է դիլիջանցի 46-ամյա Հարություն Ղ.-ին, ինչից հետո վերջինս նույն դանակով հարվածել է Արթուր Ուլիխանյանին և Վահագ Հ.-ին: Արթուր Ուլիխանյանին պատճառված վնասվածքը կյանքի հետ անհամատեղելի էր:
Օգոստոսի 5-ին, ժամը 19.12-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից. շտապօգնության խումբը կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել Դիլիջանի բնակիչ Հարություն Ղ.-ին, ով վնասվածքը ստացել էր նույն միջադեպի ընթացքում:
Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ի գիշերվա ժամը 1-ին Երևան քաղաքի իր բնակության վայրում հայտնաբերվել, ձերբակալվել և Դիլիջանի բաժին է տեղափոխվել Վահագ Հ.-ն: Բաժնում նա հայտնել է, որ միջադեպի ընթացքում վնասվածքներ է ստացել: Բաժին հրավիրված շտապօգնության խումբը զննությամբ նրա մարմնի տարբեր մասերում քերծված, ծակած-կտրած վերքեր է հայտնաբերել:
Կազմված բոլոր փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: