ru24.pro
World News
Август
2024

Մասկը և Մեծ Բրիտանիայի վարչապետը «բախվել են». The Telegraph

0

Ամերիկյան Tesla, SpaceX, X ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը և Մեծ Բրիտանիայի վարչապետ սըր Քիր Սթարմերը «բախվել են» այն բանից հետո, երբ միլիարդատերը պնդել է, որ Մեծ Բրիտանիան գնում է դեպի «քաղաքացիական պատերազմ»:

Ինչպես գրում է telegraph.co.uk-ը, Մասկի և վարչապետի «վեճը» պայմանավորված է Մեծ Բրիտանիայի քաղաքներում օրեր շարունակ տիրող անկարգություններով և այն մեղադրանքներով, որ սոցիալական մեդիան խթանում է այդ անկարգությունները:

Նշենք, որ ցույցերը, բախումներն ու անկարգությունները կազմակերպվել են ծայրահեղ աջերի կողմից և ուղղված են մուսուլման ներգաղթյալների դեմ: Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ ներգաղթյալը դանակահարել և սպանել է երեք երեխայի:

Իր մեկնաբանությունում Մասկն ասել է, որ «քաղաքացիական պատերազմն անխուսափելի է», ինչը բացահայտորեն մերժվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական խոսնակի կողմից:

«Նման մեկնաբանություններն արդարացում չունեն, և այն, ինչ մենք տեսնում ենք այս երկրում, կազմակերպված ավազակություն է և տեղ չունի ո՛չ մեր փողոցներում, ո՛չ առցանց տիրույթում», - նշել է խոսնակը։

Այնուհետև Մասկը պատասխանել է Սթարմերի՝  X-ում արված գրառմանը՝ կասկածի տակ առնելով մզկիթների համար լրացուցիչ պաշտպանություն ապահովելու վարչապետի որոշումը:

Սթարմերն իր հայտարարության մեջ նշել էր, որ բրիտանական իշխանությունները «չեն հանդուրժի մզկիթների կամ մուսուլմանական համայնքների վրա հարձակումները»: Մասկն արձագանքել էր.«Արդյոք Ձեզ չպե՞տք է անհանգստացնեն *բոլոր* համայնքների վրա հարձակումները»։

Բրիտանական պարբերականը նկատում է, որ Մասկի և Սթարմերի միջև ստեղծված իրավիճակը վտանգում է բարդացնել Մեծ Բրիտանիայի կառավարության ջանքերը՝ ստիպելու սոցիալական մեդիա ընկերություններին, ներառյալ X-ին, ավելի ակտիվ լինել՝ հեռացնելու ապատեղեկատվությունը, որը, ենթադրաբար, հրահրում է անկարգությունները:

Աղբյուրը գրում է, որ Մասկը նախկինում քննադատվել էր ծայրահեղ աջ գործիչների օգտահաշիվներն ակտիվացնելու համար: