Մալիում ապստամբները հայտնել են «Վագներ»-ի 84 մարտիկի ոչնչացման մասին
Մալիի հյուսիսի ապստամբները հայտարարել են, որ հուլիսի 25-ից մինչև հուլիսի 27-ն ընկած ժամանակաշրջանում իրենց կողմից սպանվել է ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության 84 վարձկան, ինչպես նաև Մալիի կառավարական բանակի 47 զինվոր, հաղորդում է Le Monde պարբերականը։
Նշվում է, որ ըստ անջատողական զինված խմբավորումների CSP-DPA դաշինքի հայտարարության՝ ևս շուրջ 30 մարդ, որոնք զոհվել կամ ծանր վիրավորվել են Տինզաուատեն գյուղի մերձակայքում տուարեգ ցեղի ապստամբների հետ մարտերում, ուղղաթիռով տեղափոխվել են Կիդալ քաղաք։
Այդ հայտարարության մեջ նշվում է նաև, որ ապստամբներին հաջողվել է գրավել հինգ զրահապատ ավտոմեքենա, հինգ բեռնատար և զենք։ Բացի այդ, «Վագներ»-ի և Մալիի կառավարական զորքերի 7 մարտիկ պատանդ է վերցվել։
Ալ Քաիդայի հետ կապված զինված խմբավորումը նաև հայտարարել է Տինզաուատենից հարավ Մալիի բանակի ավտոշարասյան և նրանց վագներական դաշնակիցների խմբի վրա հարձակման մասին։
Լրատվամիջոցը նշում է, որ անկախ աղբյուրներից այս տեղեկությունները ճշտել չի հաջողվել, սակայն ինչպես Մալիի բանակը, այնպես էլ «Վագներ»-ը խոստովանել են, որ տվյալ շրջանում լուրջ կորուստներ են կրել։
8 տարվա անդորրից հետո՝ 2023 թ. օգոստոսից, Մալիի կառավարության և անջատողականների միջև մարտերը վերսկսվել են։ Մալիի բանակը նոյեմբերին գրավեց Կիդալ նահանգում անկախության կողմնակիցների հենակետը, սակայն ապստամբները հրաժարվեցին վայր դնել զենքերը։ Փոխարենը՝ նրանց ուժերը ցրվեցին լեռնաանապատային այդ շրջանում։ Հուլիսի վերջին ապստամբների և բանակի միջև Տինզաուատենի մոտ եռօրյա կատաղի մարտեր են ընթացել։