ru24.pro
World News
Август
2024

«Ոնց եմ ուզում Բաքուն տեսնել». Թաթուլ Ասիլյանը Հունաստանում է, շարունակում է մնալ հետախուզման մեջ

0

Tert.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի ակտիվ սատարողներից, ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանը, ով հետախուզման մեջ է, գտնվում է Հունաստանում:

ՆԳ նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ Ասիլյանը շարունակում է մնալ հետախուզման մեջ:

Նշենք, որ Ասիլյանը ակտիվ գրառումներ է կատարում ֆեյսբուքյան իր էջում, այսօր էլ գրել է. «Ոնց եմ ուզում Բաքուն տեսնել։ Շուտ բացվեն ճանապարհները, գնամ։ Սպասված խաղաղությունը շեմին է»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել էր Վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ժամանակ Վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել էր կուսակցությունից:

Մայիսի 31-ին արդեն հետախուզում էր հայտարարվել Թաթուլ Ասիլյանի նկատմամբ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։

Համապատասխան հոդվածը ենթադրում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը և պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Թաթուլ Ասիլյանը Նիկոլ Փաշինյանի ակտիվ համակիրներից էր: