Էրդողանի կողմից «Զանգեզուրի միջանցք»-ի մասին խոսելն արդեն նախապայման է․ սահմանային ձևական հանդիպումները մեզ ոչ մի էական տեղեկություն չեն տա․ Բագրատ Սրբազան
Սահմանային ձևական հանդիպումները մեզ ոչ մի էական տեղեկություն չեն տալիս։ Էրդողանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելն արդեն նախապայման է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բագրատ Սրբազանն՝ անդրադարձավ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև երեկ կայացած հանդիպմանը։
«Ինչ էլ որ տեղի ունենա, տեղի է ունենալու ի վնաս մեզ։ Այն ընթացքը, որը տեսնում ենք, ոչ մի կերպով չի նպաստում ՀՀ շահերին։ Եվ ամենակարևորը՝ մենք չգիտենք խոսակցության բովանդակությունն՝ ամբողջությամբ»,- հանդիպման վերաբերյալ ասաց Սրբազանը։
Նա անդրադարձավ նաև այն փաստին, որ իրանական կողմը, ՀՀ իշխանությունների լռության ֆոնին, ստիպված ինքն է բարձրաձայնում, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը չի բխում Հայաստանի շահերից։
«Գնահատելի է, որ Իրանը, որպես մեր բարեկամ երկիր, հաստատուն կերպով անընդհատ նշում է այդ հանգամանքի մասին։ Կարծես մեր ամբողջ հույսը նաև իրենց վրա լինի՝ պաշտպանության իմաստով, խնդիրներն արծարծելու իմաստով։ Այլ պետություններն են մեր անվտանգությամբ մտահոգվում, սա խոսում է ՀՀ կառավարություն կոչվածի չգոյության մասին»,- ասաց Բագրատ Սրբազանը։