Լեռնային Ղարաբաղի հայերը վերադարձի իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է Ադրբեջանի դեսպանին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին X-ում պատասխանել է Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի՝ հայերի և օկուպացված Արցախի մասին մեկնաբանություններին, որոնք նա արել էր այն բանից հետո, երբ France 2 հեռուստաալիքի հաղորդավարը Փարիզում Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Հայաստանի հավաքականի ներկայացման ժամանակ խոսել էր Արցախի անկման մասին:
«Եվ, իհարկե, մեր հայ ընկերները․․․Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտ երկիր է։ Անցյալ տարին հայ ժողովրդի համար սգո և Ադրբեջանի ձեռքերում հայտնված Լեռնային Ղարաբաղի անկման տարի դարձավ»,- ասել էր հաղորդավարը, երբ կադրերում հայտնվել են հայ մարզիկները։
Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանը, սրան արձագանքելով գրել էր.«Հայերը, իհարկե, ձեր ընկերներն են։ Բայց ոչ թե սկսվել է Ղարաբաղի «անկումը», այլ սկսվել է նրա նորացումն ու վերածնունդը, բացվում են նրա հրաշալի հեռանկարներ։ Եվ եթե հայերը «լավ տղաներ» լինեն, ապա կկարողանան օգտվել այդ հեռանկարներից»։
Այժմ հետևել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը.«Պարոն դեսպան, օրենքում Ձեր նշած «լավ տղաներ» չկան։ Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքներ, այդ թվում՝ վերադարձի իրավունք։ Իսկ դատարանի որոշումները պարտադիր են»։
Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը զանգվածային ռազմական հարձակում է իրականացրել ընդդեմ Արցախի Հանրապետության, ինչի հետևանքով ավելի քան 100,000 արցախցի ենթարկվել է էթնիկ զտման և ստիպված եղել հեռանալ հայրենիքից: