ru24.pro
World News
Июль
2024

Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Արմեն Քոլոյանը, Գարեգին Խումարյանը դատարանում վիճարկելու է մրցույթի արդյունքները

0

Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն ընտրեց Արմեն Քոլոյանին:

Արմեն Քոլոյանը «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից է: Հանրային ռադիոյի արդեն նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը նախապես հայտարարել էր, որ Արմեն Քոլոյանի հաղթանակը կանխորոշված է:

Tert.am-ի հետ զրույցում Խումարյանը հաստատեց, որ ինքը չի ընտրվել:

«Քիչ առաջ ավարտվեց Հանրային ռադիոընկերության տնօրենի թափուր հաստիքի համալրման համար հայտարարված մրցույթը, որի հաղթողը կանխատեսելիորեն ես չեմ և, փաստորեն, աշխատանքի առայժմ չեմ վերադառնում»,- ասաց նա:

Խումարյանն ասաց՝ շատ կուզեր հաղթող մասնակցին բարի ընթացք մաղթել, բայց սա այդ դեպքը չէ։

«Մրցույթի արդյունքը վարչաիրավական աճպարարության հետևանք է, որը տանում եմ դատարան։ Խնդիրը քննարկվել է ոլորտի մի շարք ամենահեղինակավոր մասնագետների հետ, և ընդհանուր պատկերացումն այն է, որ իրավիճակը պետք է պատշաճ իրավական գնահատական ստանա»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ սկսում են բողոքարկել մրցույթի արդյունքները՝ ամենայն հավանականությամբ հենց այսօրվանից։

«Ընթացքը կանխատեսելի էր, հայցերը՝ վաղօրոք նախապատրաստված»,- նշեց նա: