ru24.pro
World News
Июль
2024

Փաստացի Ադրբեջանը չի ցանկացել երկկողմ բանակցություն, այլ գերադասել է, որ հանդիպմանը նաև ներկա լինի բրիտանական կողմը. Հայրապետյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, սկզբում ադրբեջանական կողմում լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը մերժել է Ալիևի հետ հանդիպման առաջարկը, հետո ՀՀ արտգործնախարարությունն ի պատասխան հայտարարեց, թե ադրբեջանական կողմն է մերժել Լոնդոնում երկկողմ հանդիպման առաջարկը։ Նախ կխնդրեմ երկու կողմի տարածած հաղորդագրությունների մասով ձեր գնահատականը, ու, ըստ ձեզ, ինչո՞ւ է ադրբեջանական կողմը հրաժարվել հանդիպումից։

– Նախ կարող եմ ասել, որ Հայաստանի պատկան մարմինները հերթական անգամ ապացուցեցին, թե ինչքան անկարող են նույն տեղեկատվական տիրույթում հստակ ուղերձներ հղելու տեսանկյունից։ Եթե ադրբեջանական կողմը մերժել էր երկկողմ հանդիպման առաջարկը, որն արել էր հայկական կողմը, ապա դրանից անմիջապես հետո կարելի էր հանդես գալ համապատասխան մամուլի հաղորդագրությամբ, այլ ոչ թե թույլ տար, որ Ադրբեջանը ամբողջ տեղեկատվական տիրույթը լցնի իրեն հարմար թեզերով։ Էլ չեմ ասում, որ այս արձագանքը շատ ուշացած էր, ու Հայաստանը շարունակ բացառապես արձագանքողի ու ոչ թե օրակարգ ստեղծողի դերում է։ 

Ինչ վերաբերում է բուն իրողությանը, դատելով երկու կողմի հայտարարություններից, հայկական կողմն արել է երկկողմ հանդիպման առաջարկ, ադրբեջանական կողմը ցանկացել է, որ հանդիպմանը ներկա լինի նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը, ես կարծում եմ, որ դրանով պայմանավորված՝ օրակարգային որոշ փոփոխություններ են առաջարկվել, որը հայկական կողմը չի ընդունել։ 

Նման ենթադրության հիմք է տալիս այն, որ այս դեպքերից ընդամենը մեկ ժամ անց Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորներից մեկը հայտարարել էր, որ հանդիպման շրջանակներում բարձրաձայնվելու էր Հայաստանի կողմից Սահմանադրության փոփոխման ու «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման հարցը, այսինքն՝ ակնհայտ է, որ օրակարգային որոշ խնդիրներ են փորձել առաջ մղել, իսկ հայկական կողմը հիմա փորձում է խոսակցությունը տանել գերազանցապես արդեն պայմանավորված կետերի շուրջ ստորագրություն ձեռք բերելու և համաձայնության գալու տրամաբանության, այլ ոչ թե լրացուցիչ նոր զիջումների գնալու ներքո, Ադրբեջանն էլ իր օրակարգն է առաջ մղում։ 

– Ադրբեջանն է ի սկզբանե պնդել, որ բանակցությունները երկկողմ ընթանան, հիմա ինչո՞ւ է հրաժարվել այդ հանդիպումից, ինչ է թե երրորդ կողմի ներկայությունը չկա։

– Շատ կարևոր դիտարկում եք անում, իրականում, այո՛, այդ երկկողմ ձևաչափը հենց Ադրբեջանի կողմից առաջ մղված ձևաչափ է, որին հայկական կողմը համաձայնել է։ Ես կարծում եմ, որ այնտեղ նաև դեր է խաղացել, որ միջնորդական առաքելությամբ փորձել է հանդես գալ Մեծ Բրիտանիան։ 

Կարծում եմ՝ կան որոշ զարգացումներ, որոնք մեզ համար այնքան էլ ակնհայտ չեն այս պահի դրությամբ կամ ինչ-որ օրակարգային հարցեր այդ տեսանկյունից, բայց փաստացի այնպես է եղել, որ Ադրբեջանը չի ցանկացել զուտ երկկողմ բանակցություն, այլ գերադասել է, որ հանդիպմանը նաև ներկա լինի բրիտանական կողմը։ 

Ինձ թվում է, որոշակի գործոններ կան, որոնք խոչընդոտել են, որ Հայաստանը համաձայնի դրան, թեև, օրինակ՝ նույն Ղազախստանում, երբ ընթանում էր Բայրամովի ու Միրզոյանի հանդիպումը, Ղազախստանը շատ հստակ դիրքորոշում ունի ու նույնիսկ Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում, բայց դա չէր խանգարել հայկական կողմին ընդունել այդ առաջարկը։ 

Թե ի՛նչն է փոխվել այս ընթացքում, որ հայկական կողմը հստակ պնդել է երկկողմ հանդիպման վերաբերյալ, ես կարծում եմ, որ դրանք եղել են օրակարգային կետերը, որոնք Ադրբեջանը փորձել է առաջ մղել, իսկ հայկական կողմը չի ցանկացել այս փուլում դրանք քննարկել։

– Այսինքն՝ ստացվում է, որ հայկական կողմը փորձում է փաստաթուղթ ստորագրել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, բայց Ադրբեջանն առաջ է քաշում նո՞ր պահանջներ։

– Այո՛, ինչպես և խոսել ենք նախկինում, այդպես է։ Հայաստանը չի ուզում հնարավորություն տալ Ադրբեջանին նորից տրամաբանությունը շեղել ու գնալ այլ ուղղությամբ, բայց իմանալով, թե որքան հետևողական է Փաշինյանի կառավարությունը իր անհետևողականության մեջ Հայաստանի պետական շահերին առնչվող հարցերում, ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց այդ հարցերում էլ են տեղի տալու, ցավոք սրտի։

– Տիկի՛ն Հայրապետյան, ստացվում է, որ առաջիկայում ականատես ենք լինելու «բարդ փոխզիջումների՞», ինչպես օրեր առաջ ասել էր ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը։

– Ես կարծում եմ, որ կոնկրետ առաջիկա մեկ-երկու ամիսներին կողմերը փորձելու են ժամանակ շահել, դրանով եմ պայմանավորում նաև, որ Հայաստանի բոլոր պաշտոնյաները որոշում են միաժամանակ արձակուրդ գնալ: 

Այդ դրվագը շատ հետաքրքիր է, եթե իրենք ԱԳՆ մակարդակով ահազանգում են, որ նոյեմբերից հետո կարող են ագրեսիվ զարգացումներ լինել, իսկ հետո բոլորով որոշում են կայացնում արձակուրդ գնալ, բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Կարծում եմ՝ ժամանակավոր դադարի շրջան է, որից հետո Ադրբեջանն առավել ակտիվ է լինելու իր պնդումների մեջ։ 

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Փաստացի Ադրբեջանը չի ցանկացել երկկողմ բանակցություն, այլ գերադասել է, որ հանդիպմանը նաև ներկա լինի բրիտանական կողմը. Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.