ru24.pro
World News
Июль
2024

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չեղարկել է Եվրահանձնաժողովի կոլեգիայի այցը Հունգարիա

0

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չեղարկել է ԵՀ կոլեգիայի այցը Հունգարիա, հայտնել է նրա ներկայացուցիչ Էրիկ Մամերը։

«Հաշվի առնելով Հունգարիայի` ԵՄ խորհրդում նախագահության մեկնարկը նշող վերջին իրադարձությունները, ԵՀ-ն բարձր մակարդակով (գլխավոր տնօրինությունների ղեկավարների մակարդակով) ներկայացված կլինի միայն Հունգարիայի նախագահության ներքո գտնվող ԵՄ խորհրդի ոչ պաշտոնական նիստերին: Եվրահանձնաժողովի կոլեգիայի այցը նախագահող երկիր չի կայանա», - X-ում գրել է նա:

Ինչպես նշում է Meduza-ն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այս ամիս այցելել է Ուկրաինա, Ռուսաստան և Չինաստան այն բանից հետո, երբ իր երկիրը մեկ տարով ստանձնել է ԵՄ Խորհրդում նախագահությունը: Ինքը՝ Օրբանը, այս այցերն անվանել է «խաղաղարար առաքելություն», որի ընթացքում երկրների ղեկավարների հետ քննարկել է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության պայմանները։ Մասնավորապես, Օրբանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է մտածել հրադադարի մասին և բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ 

ԵՄ մի խումբ առաջնորդներ, ըստ Financial Times-ի, քննադատել են Օրբանի այցը Մոսկվա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը:

Բացի այդ, ինչպես գրում է Politico-ն, ԵՄ երկրների ներկայացուցիչները որոշել են բոյկոտել Բուդապեշտում Եվրոպայի արտգործնախարարների գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 28-29-ը։ Երեք աղբյուրներ հայտնել են, որ գագաթնաժողովի ամսաթվերին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ծրագրում է ԵՄ արտգործնախարարներին «պաշտոնական խորհրդի» հրավիրել, որպեսզի նրանք հնարավորություն չունենան մեկնել Բուդապեշտ։