ru24.pro
World News
Июль
2024

Սևանա լճում առաջին անգամ կանցկացվի J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը

0

«Winds of Armenia» առագաստանավային ակումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական առագաստանավային ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, սեպտեմբերի 4-8-ը Սևանա լճում առաջին անգամ կանցկացնի J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցաշարին կմասնակցեն ավելի քան 20 թիմեր՝ Հայաստանից, Պորտուգալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից: J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնության մրցանակային ֆոնդը կկազմի 6 մլն ՀՀ դրամ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը համոզմունք է հայտնել՝ մրցաշարը մեծ հաջողություն կունենա. «Ուրախ ենք, որ Հայաստանի մարզական կյանքում ի հայտ է գալիս բոլորովին նոր ու գրավիչ երևույթ, ինչպիսին առագաստանավային սպորտի J/70 դասում Հայաստանի բաց առաջնությունն է։ Համոզված եմ, որ այն մեծ հաջողություն կունենա, ինչի մասին կտեղեկացվեն տարբեր երկրների մարզիկ-առագաստանավորդները: Սա կնպաստի, որ առագաստանավային սպորտի նոր առաջնություններ անցկացվեն Սևանա լճում՝ մասնակիցների աշխարհագրության և առագաստանավերի դասերի շատ ավելի մեծ ընդգրկմամբ»։

Առաջնության գլխավոր մրցավարը կլինի իտալացի Լուկա Բաբինին, որն աշխատել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում, Ամերիկայի գավաթում, մարզաձևի Եվրոպայի առաջնություններում և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցումներում։

«Winds of Armenia» նախագծի ղեկավար Արտաշես Դադայանի խոսքով՝ առագաստանավային ակումբը գործունեության մեկ տարվա ընթացքում համախմբել է ակտիվ սպորտի և ժամանցի թե՛ հայաստանցի, թե՛ օտարերկրացի սիրահարներին:

«Սա ոչ միայն գեղեցիկ մարզաձև է, որում հանդիպում են երկու տարերքներ՝ օդը և ջուրը, այլև հանգստի այն քիչ տեսակներից է, որի ընթացքում համատեղվում են սպորտը և հաճելի ժամանցը։ Այժմ արդեն կատարում ենք «Winds of Armenia-ի զարգացման հաջորդ քայլը։ Աշխարհում կան ավելի քան 2 միլիոն պրոֆեսիոնալ առագաստանավորդներ և տասնյակ միլիոնավոր սիրողական մարզիկներ։ Առագաստանավային մրցավազքերն անցկացվում են ավելի քան 500 դասի առագաստանավերով, և այդ մրցավազքերից շատերը կարող են կազմակերպվել Սևանա լճում՝ շնորհիվ վերջինիս բնության»,- ասել է Արտաշես Դադայանն ու տեղեկացրել՝ առաջնությունն անցկացվելու է միջազգային դասի ճանաչում ունեցող J/70 դասի առագաստանավերով։

Նրա խոսքով՝ «Winds of Armenia» նախագիծը հետապնդում է Հայաստանի բնակչության շրջանում մարզական և զբոսաշրջային նոր ենթամշակույթի ձևավորման, երկրի երիտասարդության մարզական դաստիարակության, Սևանի էկոլոգիական խնդիրների լուծմանը նպաստելու և մարզական ու զբոսաշրջային ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման նպատակներ։

Նախագծի շրջանակում իրականացվում են առագաստանավ վարելու տարբեր դասընթացներ, տրվում են վարման միջազգային կարգի վկայագրեր, անցկացվում են մրցաշարեր, զբոսաշրջային լողերթեր։

The post Սևանա լճում առաջին անգամ կանցկացվի J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.