ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ. Միլլեր
ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ. այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կընդունի՞ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոն ժամանած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, Միլլերը պատասխանել է, որ ժամանակացույցի վերաբերյալ որևէ հայտարարություն չունի։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել է, որ Վաշինգտոնում այսօր կկայանա Միրզոյան-Բայրամով-Բլինկեն եռակողմ հանդիպում։
«Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եռակողմ հանդիպում», - գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բադալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպման պայմանավորվածություն չկա։
Նշենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հրավիրվել են Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։