ՈՒԵՖԱ-ն որակազրկել է «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տված թուրք ֆուտբոլիստին
ՈՒԵՖԱ-ն (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) որակազրկել է ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը ցույց տված՝ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Մերիհ Դեմիրալը որակազրկվել է երկու խաղով և չի մասնակցի Եվրոպայի առաջնության Նիդերլանդների դեմ քառորդ եզրափակիչ խաղին:
Թուրքիայի ֆեդերացիան դիմել է Սպորտային արբիտրաժային դատարան:
Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրոպայի առաջնության (Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Գերմանիայում) 1/8 եզրափակչի Ավստրիայի դեմ խաղի ժամանակ իր խփած գոլը տոնելիս ցույց է տվել ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը։ Սոցիալական ցանցերում տարբեր կազմակերպություններ և օգտատերեր պահանջել են հետաքննություն անցկացնել և որակազրկել ֆուտբոլիստին։ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել թուրք ֆուտբոլիստի կողմից ցույց տված ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստի համար։
The post ՈՒԵՖԱ-ն որակազրկել է «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տված թուրք ֆուտբոլիստին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.