Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովին
Ռուսաստանի Պետդուման և Դաշնության խորհուրդը համատեղ հայտարարություն են ընդունել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշխատանքներին երկրի Դաշնային ժողովի պատվիրակության մասնակցությունը կասեցնելու և 256 հազար եվրո անդամավճարը մուծելուց հրաժարվելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության բովանդակությունը ներկայացրել է Интерфакс-ը:
«Չնայած ռուսական պատվիրակության բազմակի դիմումներին և առաջարկներին՝ ԵԱՀԿ ԽՎ ղեկավարության առաջնահերթությունները վկայում են, որ կարծիքների կառուցողական փոխանակման և միավորող օրակարգ ձևավորելու պայմաններ ստեղծելու փոխարեն այս հարթակը ներկայումս օգտագործվում է որպես քաղաքականացված գործիք՝ հակառուսաստանյան կուրսի նպատակային իրականացման համար, ներառյալ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառահետևանքային կապի միտումնավոր խեղաթյուրումը»,- նշված է փաստաթղթում:
Ռուսական կողմը պնդում է նաև, որ ԵԱՀԿ ԽՎ-ն երկար տարիներ անտեսում է Ուկրաինայում և Բալթյան երկրներում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման, մայրենի լեզվով հաղորդակցվելու և կրթվելու ազատության հետ կապված խնդիրները, ուշադրություն չի դարձնում նացիստների և նրանց աջակիցների հերոսացմանը, Բրյուսելում և Վաշինգտոնում ձևավորված տեսակետները չկիսող լրագրողների նկատմամբ բռնարարքներին և նրանց սպանություններին:
Ռուսաստանը պնդում է, որ երկրի պատվիրակությունը բազմիցս մտածածին պատրվակներով զրկվել է երկխոսությունը շարունակելու, ԵԱՀԿ ԽՎ լիագումար նիստերի և ղեկավար մարմինների աշխատանքներին լիարժեք և հավասարազոր մասնակցության, որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորությունից։ Ուշադրություն է հրավիրվում նաև այն հանգամանքին, որ Ռումինիան ցուցադրաբար վիզաներ չի տրամադրել Ռուսաստանի պատվիրակության անդամներին՝ Բուխարեստում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանին մասնակցելու համար:
Ռուս օրենսդիրները հայտարարում են, որ իրենց մասնակցության կասեցման ընթացքում Վեհաժողովի կանոնակարգում փոփոխություններ կատարելու ցանկացած գործողություն, որը միտված է լինելու ՌԴ-ին վնասելուն իրավաբանորեն կհամարվի անվավեր:
Միաժամանակ, Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել աշխատանքները ԵԱՀԿ ԽՎ-ում, եթե կազմակերպության ղեկավարությունը և մի շարք երկրներ վերանայեն եվրոպական անվտանգության հրատապ խնդիրների լուծման նկատմամբ իրենց մոտեցումները: