ru24.pro
World News
Июль
2024

Ադրբեջանը միտումնավոր և հաշվարկված գործողություններով ԼՂ-ի հայ բնակչությանը ենթարկել է բռնի տեղահանման և էթնիկ զտման. համատեղ զեկույց

0

Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը

Զեկույցը փաստում է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից միտումնավոր ենթարկվել պարբերական հարձակումների, շրջափակման և ահաբեկման, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվել են` զրկելով վերջինիս տարրական կենսապայմաններից:

Զեկույցը համատեղ պատրաստվել է Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և Truth Hounds կազմակերպությունների կողմից:

Փաստահավաք առաքելության ընթացքում հավաքագրված խորքային վկայությունների և բաց աղբյուրներում առկա տվյալների հիման վրա կատարված վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը միտումնավոր և հաշվարկված գործողությունների միջոցով ենթարկել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը բռնի տեղահանման և էթնիկ զտման:

Վկաների հետ երեք հարյուր երեսունից ավել խորքային հարցազրույցների ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ։

Փաստահավաք առաքելությունը պարզել է՝ կան բավարար ապացույցներ եզրակացնելու, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հանդիսանում են հանցագործություններ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, ներառյալ 7-րդ հոդվածի (մարդկության դեմ հանցագործություններ) և 8-րդ հոդվածի (պատերազմական հանցագործություններ), և համապատասխանում են բնակչության բռնի տեղահանման սահմանմանը, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի փորձագետների կողմից սահմանված էթնիկ զտումների չափանիշներին։

Զեկույցի ամփոփագրի շնորհանդես-քննարկումը տեղի է ունեցել ս․թ․ հուլիսի 1-ին, Freedom House-ի կողմից համակազմակերպվող երրորդ ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումի»-ի շրջանակում:

Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի կլինի 2024 թ․ սեպտեմբերին: