ru24.pro
World News
Июнь
2024

Ասաց՝ սև մեքենա էր, կարծեմ՝ ներկայացել են ԱԱԾ-ից. Սրբազանը՝ Սուրեն Պետրոսյանի՝ հունիսի 12-ի անհետացման մասին

0

Սուրեն Պետրոսյանը երկրում չէ, մի երկու օրով բացակայելու է։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նրա խոսքով՝ Սուրեն Պետրոսյանի հետ խոսել են հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձություններից հետո նրա խորհրդավոր անհետացման մասին։

«Բերման ենթարկվելու, առևանգման բնութագիր ունի։ Ասաց՝ սև մեքենա էր, կարծեմ՝ ներկայացել են ԱԱԾ-ից»,- ասաց սրբազանը։

Նրա տեղեկություններով՝ մեքենան նստելուց հետո Հրազդանի ուղղությամբ են գնացել։ Ո՞րն է եղել այդ ամենի նպատակը։ Սրբազանը հստակ չգիտի, կարծում է՝ շարժման, իր մասին տեղեկություններ ստանալու համար։

Նշենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ոստիկանների և շարժման կողմնակիցների միջև տեղի ունեցավ բախում, ոստիկանները լուսաձայնային նռնակներ էին շպրտում քաղաքացիների ուղղությամբ։ Այդ ընթացքում Պետրոսյանը խորհրդավոր կերպով անհետացավ, որևէ մեկը նրան չէր տեսել։ Նրա մասին շուրջ 1 օր լուր չկար, ի վերջո հունիսի 13-ին նա կապ հաստատեց ընտանիքի հետ, իսկ քիչ ավելի ուշ պաշտոնական էջում գրեց, որ քաղաքացիական հագուստով 4 անձ իրեն առևանգել են ու տարել անհայտ ուղղությամբ։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն էլ հայտարարեց, որ Պետրոսյանին առևանգել են, և ամենայն հավանականությամբ` դրանք ուժայիններ են։