ՌԴ-ն հարվածել է Խարկովի շինարարական հիպերմարկետին, կան զոհեր. Խարկովի իշխանություններ
Ռուսական զորքերը շաբաթ օրը նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովին։
Դրանցից մեկի թիրախը եղել է «Էպիկենտրոն» շինարարական հիպերմարկետը։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ կան զոհեր և վիրավորներ, շատերը համարվում են անհետ կորած: Շենքը մասամբ ավերվել է, այնտեղ մեծ հրդեհ է սկսվել։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնել է, որ ներսում կարող էր լինել ավելի քան 200 մարդ: Նա համոզմունք է հայտնել, որ եթե երկրի Զինված ուժերը բավարար քանակությամբ ՀՕՊ համակարգեր և ժամանակակից մարտական ավիացիա ունենային, նման հարձակումները հնարավոր կլիներ կանխել: Նա Արևմուտքին կոչ է արել արագացնել ռազմական մատակարարումները։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ռուսական ուժերը ևս մեկ հարված են հասցրել Խարկովին. թիրախում է հայտնվել կենտրոնական այգին: