ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետի տանը հայտնաբերվել է 100 մլն ռուբլի. նա կալանավորվել է կաշառք ստանալու կասկածանքով
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետ Յուրի Կուզնեցովը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, նա կալանավորվել է։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
«Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կադրային վարչության պետ Յուրի Կուզնեցովի նկատմամբ, որը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հետաքննության տվյալներով՝ 2021-2023 թվականներին, որպես ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի 8-րդ տնօրինության ղեկավար, Կուզնեցովը կաշառք է ստացել առևտրային կառույցների ներկայացուցիչներից «իրենց օգտին որոշակի գործողություններ կատարելու համար»։
Կասկածյալի փաստացի բնակության և հաշվառման վայրերում խուզարկություններ են կատարվել, հայտնաբերվել և առգրավվել են ռուբլով և արտարժույթով ավելի քան 100 մլն ռուբլուն համարժեք գումարներ, ինչպես նաև ոսկի, կոլեկցիոն ժամացույցներ և շքեղ իրեր։
Դատարանը Կուզնեցովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 23-ին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով։ Նա մեղադրվում է մոտ մեկ միլիարդ ռուբլու չափով կաշառք ստանալու համար։