ru24.pro
World News
Май
2024

Ադրբեջանը Տավուշի գյուղերն իր ռազմական վերահսկողության տակ վերցնելով՝ ապահովում է Նոյեմբերյանից մինչև Մեղրի կարևոր դիրքերը վերահսկելու հնարավորությունը․ Խոսրով Հարությունյան

0

Ադրբեջանը Տավուշի գյուղերն իր ռազմական վերահսկողության տակ վերցնելով՝ ապահովում է Նոյեմբերյանից մինչև Մեղրի կարևոր դիրքերն վերահսկելու հնարավորությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

‹‹Ի՞նչ է նշանակում Փաշինյանի՝ ‹‹պատերազմը պետք է լինի անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի›› միտքը, գործնականում կամ
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››։

Այսօր՝ մայիսի 7-ին իր ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը սահմանազատման և սահմանագծման իր քաղաքականությունը որակեց որպես աննախադեպ իրողություն, որի նպատակն է պատերազմը դարձնել անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի:

Առաջին հայացքից երկարաժամկետ կտրվածքով պետության անվտանգության տեսանկյունից նման նպատակադրումը թվում է միանգամայն արդարացված:

Մինչդեռ իշխանությունների գործողությունները, ինչպես այսօր տարածված է ասել, գետնի վրա՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի որոշակիացման հետ, հենց անվտանգության տեսանկյունից առավել վիճահարույց են, եթե չասենք վտանգավոր:
Այս համատեքստում տրամաբանական հարց է առաջանում, իսկ ո՞ր պարագայում են պետությունները դիմում պատերազմական գործողությունների:

Ակնհայտ է, պետությունները պատերազմական գործողությունների դիմում են այն դեպքում, երբ իրենց կենսական կարևորության խնդիրների լուծման այլ առավել նպատակահարմար հնարավորություն չեն տեսնում:

Կարծում եմ ավելորդ է հիմնավորել, որ 2020թ նոյեմբերից հետո ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմավարական նպատակը կամ կենսական կարևորության խնդիրը՝ տարածաշրջանում Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարումը զրոյացնելն է: Իսկ այդ նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհը՝ Հայաստանի հետ սահմանին ռազմավարական կարևորության դիրքերը սեփական ռազմական հսկողության տակ վերցնելու միջոցով Հայաստանին դե ֆակտո ինքնիշխանությունից զրկելը:

Այսինքն այդ կերպ թշնամին փորձում է հասնել նրան, որ Հայաստանում նույնիսկ սեփական զարգացման նպատակով ընդունվող որոշումները կայացվեն արտաքին անշրջելի սպառնալիքների պայմաններում և թշնամի պետության քաղաքական կամեցողության հաշվառմամբ (դրա վառ օրինակը Երասխի մետալուրգիական գործարանի տեղափոխման մասին որոշումն էր):
Հետևաբար Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարման չեզոքացումը և ինքնիշխանությունից դե ֆակտո զրկումը հանդիսանում են Ադրբեջանի համար կենսական կարևորւթյան նպատակներ:

Հիմք ընդունելով այս իրողությունը տրամաբանության տարրական կարողություններով օժտված ցանկացած ոք կարող է ինքն իրեն հարց տալ, իսկ ո՞ր պարագայում թշնամի այդ պետության համար իր կենսական կարևորության խնդիրների լուծումը պատերազմի միջոցով կարող է լինել անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի:

Հետևելով Փաշինյանի օրինակին կարող ենք պնդել, որ նման հարցադրումը միանգամայն լեգիտիմ է, առավել ևս, որ իր հավաստմամբ Ադրբեջանը Հայաստանին պերմանենտ սպառնում է պատերազմով:
Թողնենք մի կողմ այն հանգամանքը, որ Ադրբեջանը փաստացի ահաբեկչական պետություն է և Հայաստանի գործող իշխանությունը նրա ‹‹կամակորություններին›› ընդառաջելու փոխարեն պարտավոր էր սահմանված կարգով ճանաչել այդ երկրի քաղաքական իշխանությունը որպես ահաբեկչական կազմավորում՝ պահանջելով իր միջազգային ազդեցիկ գործընկերներից այդ կազմավորման հանդեպ համապատասխան քաղաքական գնահատական և դիրքորոշում:

Այս իրողության պայմաններում միանգամայն օրինաչափ է հարցը, իսկ ո՞ր պարագայում այդ ահաբեկիչ պետությունը զերծ կմնա պատերազմելու գայթակղությունից՝ համարելով այն անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի:

Դա հնարավոր է երկու դեպքում:

1. Երբ թշնամին, հիմա Ադրբեջանը, գնահատելով իրեն դիմագրավելու պատրաստակամ պետության, մեր պարագայում Հայաստանի, իրական պաշտպանական կարողությունները, ներառյալ միջազգային ազդեցիկ գործընկերների անվերապահ աջակցությունը, գտնում է, որ պատերազմի միջոցով իր նպատակները հետպնդելը թե՛ մարդկային, թե՛ տնտեսական, թե՛ զինտեխնիկայի և թե՛ իմիջային կորուստների առումով արդարացված չի լինի, ուստի պատերազմը գնահատում է անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի:

2. Երբ թշնամին համոզված է, որ իր կենսական կարևորության խնդիրների լուծմանը կարող է հասնել առանց պատերազմի դիմելու, ուստի նաև առանց կորուստների՝ դիմացինին պատերազմով վախեցնելու միջոցով:

Եվ իրոք, միայն այն դեպքում, երբ կարող ես քո նպատակներին հասնել առանց պատերզմի՝ վերջինը իրականում դառնում է անիմաստ, անտրամաբանական, ուստի և անիրագործելի:
Ադրբեջանը Տավուշի մի քանի գյուղերն իր ռազմական վերահսկողության տակ վերցնելով գործնականում ապահովում է Նոյեմբերյանից մինչև Մեղրի կարևոր սռազմավարական դիրքերն իր ռազմական վերահսկողության տակ պահելու, ուստի և Հայաստանին իր կամքը պարտադրելու անշրջելի հնարավորություններ:

Եվ եթե ավելացնենք, որ առաջիկայում մենք ականջալուր կլինենք Փաշինյանի կողմից նաև անկլավներն Ադրբեջանին զիջելու ‹‹լեգիտիմ›› հիմնավորումներին (Սյունիքով Թուրքիային միանալու մասին չեմ խոսում), ապա կարելի է անվերապահ պնդել, որ Ադրբեջանն իր կենսակաան կարևորության նպատակներին կհասնի առանց պատերազմի դիմելու՝ համարելով վերջինն անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի:

Ահա սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››››,-գրել է նա: