ru24.pro
World News
Май
2024

Այս քայլարշավն իրենց ընդդիմադիր քաղաքական ուժ համարողների «հուղարկավորության» գործընթացն է. Նինա Կարապետյանց

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, օրեր առաջ իրավապաշտպաններով, ՀԿ-ներով հայտարարություն էիք տարածել, որում նշել էիք, որ Տավուշի մարզից մեկնարկած սահմանազատման-սահմանագծման աշխատանքները պետք է հաշվի առնեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը, որ այդ գործընթացն անօրինական է։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք: 

– Նախ ակնկալում ենք, որ հասարակությունը տեղեկացված կլինի, որ կան ՀԿ-ներ, որոնք համաձայն չեն վարվող գործընթացին։ Բոլոր գործընթացների հիմքում պետք է դրված լինեն մարդու իրավունքները, որովհետև ամենաառաջին դեպքում խոսքը մարդու մասին է, հետևաբար, մարդու իրավունքը որևէ կերպ հաշվի չառնելը, պետական շահերը, ներպետական օրենսդրությունը խախտելը, չունենալով որևէ այլ հիմնավորում, չունենալով պայմանագիր, չունենալով միջազգային որևէ հիմնավորում, բնականաբար, մտահոգիչ է։

– Բայց այն համատեքստում, երբ իշխանությունը վստահեցնում է հասարակությանը, որ գործընթացն իրականացվում է օրինական ձևով, որ այն մարդիկ, որոնք ասում են, թե այս ամենն անօրինական է կամ միակողմանի զիջում, ապա իրենք դեմ են, որ մենք պետական սահման ունենանք, որ նոր պատերազմի կողմնակից են, արձագանք ակնկալո՞ւմ եք, ի՞նչ է փոխվելու այս գործընթացում։

– Եթե ներսից լինի բավարար հասարակական ճնշում, խոսքը միայն ցուցարարների մասին չէ, նաև փորձագիտական համայնքը դադարի այս մանիպուլյատիվ գաղափարախոսությունը, իրականությունից կտրված մտքերը տարածելը, եթե դա չի արվում նպատակային, հետևողական՝ որպես ծրագիր։

– Այսինքն՝ կարծում եք, որ հանրային լայն ճնշումը կարո՞ղ է ինչ-որ բան փոխել։

– Անգամ հասարակության լայն շերտերի մասին էլ չէ խոսքը, որովհետև շարքային քաղաքացին, ամենայն հարգանքով նրա նկատմամբ, չունի պատկերացում, թե ինչպես են գործում միջազգային մեխանիզմները, ինչպիսի պրակտիկա կա միջազգային ասպարեզում, հետևաբար, քաղաքացին կարող է դժվարություն ունենալ գնահատելու, բայց, ցավալիորեն, նաև փորձագիտական համայնքն է բաժանվել երկու մասի: 

Մի մասը փորձում է ամեն կերպ արդարացնել այն ապօրինությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի իշխանությունների կողմից, որովհետև այս ամենը մեր Սահմանադրությանը, գործող օրենսդրությանը դեմ են, սա հակասում է նաև միջազգային պրակտիկային, հետևաբար, բոլոր նրանք, ովքեր սատարում են այս գործընթացը, լուրջ խնդիր են ունենալու։ Մի մասն էլ գտնում է, որ այդ գործընթացը չպետք է տեղի ունենա, որովհետև միջազգային իրավունքի նորմերն անտեսված են։ 

Որևէ նորմալ մարդ չի ուզում պատերազմ, բայց երբ իշխանություններն ու իրենց պրոպագանդան տարածող քաղհասարակությունը, փորձագիտական համայնքը չեն երաշխավորում, որ անգամ այս ամենից հետո խաղաղություն կլինի, պարզ է, որ այս ամենը սարսափելի մանիպուլյատիվ գործընթաց է, ու ցանկացած մարդ, որն իրեն համարում է փորձագետ, չի կարող մտնել այս խաղի մեջ։ 

– Տիկի՛ն Կարապետյանց, հիմա սովորական քաղաքացին այդ «երկու քարի արանքում» ինչպե՞ս կարող է ճիշտ կողմնորոշվել։

– Քաղաքացին պետք է շատ պարզ հասկանա կատարվողն այն բառերից, որոնք հնչեցնում է իշխանությունը, իսկ իրենք՝ առանց թաքցնելու, ազնվորեն ասում են, որ, այո՛, քաղաքացին պետք է հասկանա, որ եթե դու ամեն ինչ անում ես ոչնչի դիմաց, դա կործանարար գործընթաց է։ 

– Հիմա Տավուշում սկսված դիմադրության շարժումը քայլերթով շարունակվում է դեպի Երևան՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, ո՞րն է ձեր գնահատականն այս ամենին, ու ինչո՞ւ է Եկեղեցին առաջնորդում այս շարժումը։

– Այդ երթերին նայելիս հասկանում եմ, որ դա ավելի շատ, մի կողմից իհարկե, բողոքի ակցիա է, որն ունի կյանքի իրավունք, մյուս կողմից՝ դա բոլոր իրենց ընդդիմադիր քաղաքական ուժ համարողների «հուղարկավորության» գործընթացն է: Նման իրավիճակում, երբ գեթ մեկ քաղաքական ուժ չկարողացավ մոբիլիզացնել հասարակությանը, իսկ հասարակությունը մաքսիմում լարում ունի իր մեջ ու սպասում է այդ փոփոխություններին, ու այդ պարագայում որևէ մեկն իր ձեռքը չի վերցնում գործընթացը, նշանակում է, որ մենք չունենք քաղաքական ուժեր, ցավալիորեն, որովհետև չկարողանալ մոբիլիզացնել հասարակությանը, նշանակում է իրավիճակը շատ ծանր է։ 

Սա շատ լավ մշակված, գեղեցիկ գործընթաց է, որը շատ լավ, դետալային մտածված է։ Ընտրվել է մարդ, որը քիչ թե շատ անբասիր անցյալ ու ներկա ունի՝ որպես հոգևորական, ու շատ լավ, գեղեցիկ օգտագործվում է։ Այս պայքարը, որ հիմա սկսվել է, ոչ մի կապ չունի Սրբազանի հետ, գաղափարը լավն է, ճիշտ է, կյանքի իրավունք ունի, բայց այն, ինչ արվում է, արվում է այլ շահառուների համար։

– Նկատի ունեք այն, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչներ իրենց աջակցությո՞ւնն են հայտնում այս շարժմանը։ 

– Ակնհայտ է, որ միանում են ու աջակցում են ուժեր, որոնք լյուստրացիայի պայմաններում այլևս կյանքի իրավունք չէին ունենալու, բայց այս իշխանությունները այդ ճանապարհով չգնացին, ամենայն հավանականությամբ, որովհետև դրանից հետո իրենք էլ չէին լինի այս համակարգում։

– Իսկ ի՞նչ զարգացումներ եք կանխատեսւմ։

– Ցավալիորեն կանխատեսել եմ երկու տարբերակ․ կա՛մ իշխանության փոխանցում նրան, ումից վերցրել են, ու դա էր պատճառը, որ համակարգային ոչ մի փոփոխություն չարվեց, ինչի մասին բազմիցս խոսել ենք, կա՛մ գուցե պարոն Փաշինյանը չհամաձայնի, մենք ականատես լինեք երկրորդ մարտի 1-ի տարբերակին։ Բոլորովին չեմ բացառում, որովհետև հիվանդագին ամբիցիոզ մարդիկ ունակ են ամեն ինչի, նույն կերպարներն էին առաջին մարտի 1-ը կազմակերպողները։

– Որ ասում եք՝ իշխանությունը վերադարձնեն նրան, ումից վերցրել են, նկատի ունեք Սերժ Սարգսյանի՞ն։

– Մենք առանձին-առանձին իշխանություններ երբեք չենք ունեցել, ունեցել ենք համակարգ, տրամաբանական փոխկապակցվածությամբ, ու միակ բանը, որ հիմա կարող է Նիկոլ Փաշինյանին ստիպել մնալ իշխանության, դա իր անպատիժ մնալու երաշխիքների բացակայությունն է, ինչպես ինքը, հավանաբար, երաշխիքներ էր տվել նախորդներին, ու դա էր պատճառը, որ չտեսանք քրեական գործերի տրամաբանական ավարտ։ Եթե հիմա իրեն տան պատասխանատվության չենթարկվելու երաշխիքներ, կգնա զիջման, եթե չտրամադրեցին՝ չեմ բացառում, որ կարող է գնալ մարտի 1-ի։

– Տիկի՛ն Կարապետյանց, ճշտող հարց, որ ընթերցողների համար էլ պարզ լինի, նկատի ունեք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած այս շարժումը կարող է օգտագործվել այն նպատակով, որի մասին ասացի՞ք արդեն, թե՞ ի սկզբանե է դա որոշված։

– Ես չեմ կասկածում Բագրատ Սրբազանին կամ իր պարկեշտությանը, բոլորովին կասկածելու հիմքեր չունեմ, բայց ես չեմ հավատում ու նման բան ուղղակի չի կարող լինել, որ այն համակարգը, որ ստեղծվել է, այդ թվում նաև՝ Եկեղեցու ներսում, որևէ հոգևորական կարող էր Կաթողիկոսի հետ չհամաձայնեցված մեծ, մասշտաբային գործընթաց սկսել, որին համաձայն չէ Մայր Աթոռը, ու կարգալույծ չարվեր։

– Բայց Բագրատ Սրբազանն ասել է, որ ամենն արվում է Վեհափառ հայրապետի օրհնությամբ ու իմացությամբ։

– Առավելևս, եթե ասվել է, առավելևս, եթե հաշվի առնենք, որ Կաթողիկոսը մեդալ է ստանում Պուտինից, հաշվի առնելով, որ այդ ամբողջ գործընթացին սատարեցին Վանեցյանն ու էլի այդ խմբի լիքը մարդիկ, խոսում է այն մասին, որ գուցե նպատակը, հայտարարություններն իսկապես ազնիվ են: Բողոքը կյանքի իրավունք ունի, հոգևորականներն էլ կարող են առաջնորդ լինել ինչ-որ իմաստով, բայց ես բացառում եմ, որ սա առանձին, ինքնակամ գործընթաց է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Այս քայլարշավն իրենց ընդդիմադիր քաղաքական ուժ համարողների «հուղարկավորության» գործընթացն է. Նինա Կարապետյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.