«Միջազգային իրավիճակն առավել քան երբևէ պահանջում է եվրա-չինական երկխոսություն». Փարիզում կայացել է Սի Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը
Փարիզում կայացել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եռակողմ հանդիպումը, հաղորդում է kommersant.ru-ն։
Սի Ծինփինն ասել է, որ ԵՄ-ն և Չինաստանը պետք է շարունակաբար նպաստեն համաշխարհային խաղաղությանը:
«Չինաստանը և ԵՄ-ն պետք է ձևավորեն ռազմավարական կոնսենսուս, զարգացնեն ռազմավարական համագործակցությունը, նպաստեն Չինաստան-ԵՄ հարաբերությունների առողջ և կայուն զարգացմանը և շարունակաբար նոր ներդրում ունենան համաշխարհային խաղաղության և զարգացման գործում»,- ասել է Չինաստանի ղեկավարը:
Սի Ծինփինը նաև ասել է, որ Չինաստանը Եվրոպայի հետ հարաբերությունները միշտ դիտարկել է ռազմավարական և երկարաժամկետ տեսանկյունից։ Նա հույս է հայտնել, որ Պեկինի և Փարիզի համագործակցությունը կզարգանա։
Էմանուել Մակրոնը, ինչպես հաղորդում է BFMTV-ն, հանդիպման ժամանակ ասել է, որ Եվրոպայի և Չինաստանի միջև երկխոսությունը «անհրաժեշտ է առավել քան երբևէ»՝ կապված աշխարհում տիրող իրավիճակի հետ։ Նա Պեկինի հետ համակարգումը որոշիչ է համարել Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների հարցերում։
«Միջազգային իրավիճակն առավել քան երբևէ պահանջում է եվրա-չինական երկխոսություն: Մենք կքննարկենք Ուկրաինան և Մերձավոր Արևելքը, երկու խոշոր ճգնաժամեր, որոնց համատեքստում մեր միջև համակարգումը չափազանց կարևոր է», - ասել է Մակրոնը:
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ուշադրություն է հրավիրել համաշխարհային շուկայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Նա Չինաստանի հետ հարաբերություններն որակել է «ամենաբարդ և միևնույն ժամանակ կարևորագույններից մեկը»։
«Շուկայի հասանելիության ներկայիս անհավասարակշռությունը կայուն չէ և պետք է լուծվի... Եվրոպան չի կարող ընդունել շուկան խեղաթյուրող գործելաոճը, որը կարող է հանգեցնել Եվրոպայում ապաարդյունաբերականացման», - ասել է ԵՀ ղեկավարը: