Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարություն է տարածել՝ կապված Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Մայիսի 1-ով թվագրված տեքստը`«Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է» խորագրով, դատապարտում է «Կրեմլի կողմից ներշնչված օտարերկրյա ազդեցության» օրենքը, ինչպես նաև «պետական պաշտոնյաների կողմից այն պաշտպանելու համար օգտագործված կեղծ հայտարարությունները»: Այս մասին գրում է ekhokavkaza.com-ը:
Ըստ Միլլերի՝ իշխող կուսակցության անդամները հասկացրել են, որ օրենքի նպատակն է լռեցնել քննադատական ձայները և ոչնչացնել Վրաստանի կենսունակ քաղաքացիական հասարակությունը, որը որպես կառավարության նկատմամբ վերահսկողություն է ծառայում ցանկացած ժողովրդավարական երկրում:
«Այս օրենքը և «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանին կանգնեցրել են վտանգավոր հետագծի վրա։ Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողությունները հակասում են ժողովրդավարական արժեքներին, որոնք հիմք են հանդիսանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելուն և դրանով իսկ վտանգում են Վրաստանի ուղին դեպի եվրաատլանտյան ինտեգրում: Մեկնաբանությունները, որոնք սխալ են բնութագրում արտաքին օգնությունը, որը մենք տրամադրել ենք Վրաստանին 32 տարի՝ Վրաստանի տնտեսությունը, ժողովրդավարությունը և ռուսական ագրեսիան զսպելու ունակությունը ամրապնդելու համար, էապես խաթարում են Վրաստանի կառավարության և ժողովրդի հետ մեր հաստատած ամուր հարաբերությունները», - ասել է նա:
Ավելին, Պետդեպի մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունը աջակցություն է հայտնում վրաց ժողովրդին և «լսված լինելու նրա իրավունքին»:
«Մենք դատապարտում ենք բռնության կիրառումը խաղաղ ցույցերի, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Խաղաղ հավաքները և խոսքի ազատությունը ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է, և մենք կոչ ենք անում իշխանություններին թույլ տալ ոչ բռնի ցուցարարներին շարունակել օգտվել իրենց խոսքի ազատության իրավունքից», - ասել է Միլլերը:
Նախօրեին Վրաստանում ցուցարարները փորձել են կոտրել խորհրդարանի ծառայողական մուտքի դարպասները, ինչից հետո ոստիկանությունը նրանց դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։
«Այն բանից հետո, երբ ՆԳՆ ստորաբաժանումները լքել են խորհրդարանի հարակից տարածքը, հանրահավաքի մասնակիցները դրսևորել են ագրեսիա և փորձել վնասել օրենսդիր մարմնի մուտքի երկաթե դարպասները։ Կարգ ու կանոնը վերականգնելու նպատակով ՆԳՆ աշխատակիցները կիրառել են օրենքով նախատեսված հատուկ միջոցներ»,- ասված է ՆԳՆ հաղորդագրությունում։
Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Թբիլիսիում խորհրդարանի մոտ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ բողոքի ակցիայի ութ մասնակից վիրավորվել է և հոսպիտալացվել։
«Տուժածները ստացել են տարբեր տեսակի վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի, գլխի և մարմնի տարբեր մասերի վնասվածքներ, ինչպես նաև թունավորում և շնչուղիների հետ կապված բարդություններ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հազարավոր մարդիկ մայիսի 1-ի երեկոյան հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի մոտ՝ պահանջելով հետ կանչել «ռուսական» որակվող օրենքը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցություն է հայտնել Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին օրինագծի» դեմ բողոքող ցուցարարներին՝ միաժամանակ կոչ անելով չհավաքվել Վրաստանի խորհրդարանի դարպասների մոտ և դրանով իսկ չսադրել ոստիկանությանը։
«Կան բաներ, որոնք դուք չպետք է անեք, հանգիստ թողեք խորհրդարանի դարպասները: Հանգիստ թողեք այս դարպասը, այնտեղ ոչինչ չի լինում։ Այդ օրենքն այնտեղ արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունվել է, և մեր պայքարը գնում է դեպի ընտրություններ, դեպի բոլոր այն օրենքները, որոնք վերջերս ընդունվել են այս իշխանությունների կողմից և մեզ հեռացնում են եվրոպական ուղուց»,- ասել է Զուրաբիշվիլին ուղերձում:
Վրաստանում բողոքի ցույցերի պատճառ է դարձել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը։ Վրացական ընդդիմությունը նախագիծն անվանել է «օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի համարժեքը»։ Մայիսի 1-ին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում։ Դրան աջակցել է 83, դեմ է արտահայտվել 23 պատգամավոր։