Եկեղեցու դեմ արշավը պայմանավորված է վախով ու այն ծրագրով, որ նպատակ ունի քանդել այդ ինստիտուտը. Անի Սամսոնյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, ներհայաստանյան իրադարձությունների համատեքստում ձեր գնահատականն եմ խնդրում Եկեղեցի-իշխանություն հարաբերությունների վերաբերյալ։
– Եկեղեցի-իշխանություն հարաբերությունները լարված են եղել դեռևս 2018 թվականից հետո։ Եկեղեցին միշտ ունեցել է դժվար հարաբերություններ իշխանության հետ, իշխանությունը միշտ փորձել է պրոպագանդա իրականացնել, որպեսզի Եկեղեցին ասոցացվի նախկին իշխանությունների հետ՝ կպցնելով նույն պիտակները՝ թալանչի, նախկին։ Նույնիսկ այնպիսի համահայաստանյան կարևոր հարցերում, ինչպիսին էր Լեռնային Ղարաբաղի խնդիրը, պատերազմը, համավարակը, այսինքն՝ այն բոլոր մարտահրավերները, որոնք մենք ունեինք, ո՛չ իշխանությունը, ո՛չ Եկեղեցին չկարողացան ընդհանուր լեզու գտնել։ Ասել, թե ամբողջ Եկեղեցին է նույն տրամաբանության մեջ՝ սխալ կլինի, որովհետև Եկեղեցին ևս իր ներսում ունի բաժանումներ, ու այնտեղ նույնպես խնդիրներ կան։
Սա ընդհանուր այն ծրագրի մասն է, որն իրականացվում է Հայաստանում, ու այդ ծրագիրը կոչվում է ինստիտուտների ապամոնտաժում, Հայաստանի բոլոր ուժեղ ինստիտուտները պետք է ապամոնտաժվեն: Այդպիսին էր բանակը, որը թուլացավ պատերազմից հետո ու այդպես էլ չվերականգնվեց, այդպիսին է կրթության ինստիտուտը, որը, այո՛, ուներ բազմաթիվ խնդիրներ, բայց նաև եղան բազմաթիվ միջամտություններ, աղավաղվեցին, խեղաթյուրվեցին դասագրքեր:
Այդպիսին է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, որը հայ ժողովրդի Ազգային Եկեղեցին է համարվում ու Սահմանադրությամբ ունի կարգավիճակ։ Ապագայում կտեսնեք, որ Սահմանադրության փոփոխությունների համատեքստում առաջարկելու են նվազեցնել այդ կարգավիճակը, այսինքն՝ ամեն ինչ պետք է անեն, որպեսզի նվազեցվի Ազգային Եկեղեցու դերը։
Այս իշխանությունը վախենում է ցանկացած ուժեղ կառույցից, օրինակ՝ ինչո՛ւ բանակում բարեփոխումներ չեն լինում, որպեսզի այն չուժեղանա, նույնը նաև Եկեղեցին է։ Եկեղեցին ունի իր հոգևոր հոտը, ու քանի որ վերջին ժամանակներում Եկեղեցին նաև ինչ-որ քաղաքական իրադարձություններում ունի ակտիվ դերակատարում, ունի մարդկանց համախմբելու որոշակի ներուժ, սա բնականաբար իշխանությանը ու բոլոր նրանց, որոնք լոբբինգ են անում, որպեսզի Եկեղեցին ապամոնտաժվի, Հայաստանը չունենա ազգային կառույց, ինչպիսին է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին է, այդ մարդիկ պատերազմ են հայտարարել ու փորձում են պիտակավորել հոգևորականներին ու Եկեղեցուն:
Գիտեք՝ այս օրերին շատ են պիտակավորում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին։ Ամեն ինչ անում են մարդկանց աչքում Եկեղեցին վարկաբեկելու համար, որպեսզի այն չկարողանա իր ներուժն օգտագործել ու իր խոսքը հնչեցնել այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսին է, օրինակ՝ սահմանազատումը։
Սա հատուկ ծրագիր է, որը պետք է արվի, ու այս օրերին մենք ականատես ենք լինում դրան։ Ընդ որում՝ բանը հասել է նրան, որ այսօր արդեն խորհրդարանում սկսեցին խոսել հոգևոր-մշակութային հեռուստաընկերության՝ «Շողակաթի մասին, իշխանական պատգամավորներից մեկն այսօր հարց է ուղղել ՀՌՀ նախագահին, թե դա ի՛նչ հեռուստաընկերություն է ընդհանրապես ու այնպիսի տոնով, իբր դա պետք է փակվի, Հայաստանում չլինի։ Սա նշանակում է, որ փորձում են Եկեղեցուն զրկել ձայնի իր իրավունքից ու վարկաբեկել ժողովրդի աչքում։
Եկեղեցին կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրսում, այն կարևոր գործառույթներ ունի հայապահպանության գործում, բայց ծրագիրն այն է, որ դա պետք է քանդել, դրա հետ մեկտեղ վերացնել մարդկանց հոգևոր հավատը։
– Այսինքն՝ կարծում եք, որ եթե Բագրատ Սրբազանը այս օրերին բողոքի ակցիաների ընթացքում տավուշցիների կողքին չլիներ, ըստ էության չառաջնորդեր մարդկանց, ապա իշխանությունը նման արշավ չէ՞ր սկսի Եկեղեցու դեմ։
– Եկեղեցու դեմ արշավ եղել է, որը ժամանակ առ ժամանակ ունեցել է տարբեր դրսևորումներ, օրինակ՝ երբ հոգևոր սպասավորները հանդես են եկել քաղաքական հարցազրույցներով, քննադատություններով, ինչ-որ հրապարակային կոչերով, ընդվզումն ու պրոպագանդան Եկեղեցու դեմ միշտ գլուխ են բարձրացրել, հիմա փորձում են նույն կերպ վարվել։ Քանի որ չկա Տավուշի ժողովրդի այդ շարժումը առաջնորդող որևէ քաղաքական միավոր, դա անում է Եկեղեցին, ունեն վախ, որ Եկեղեցու ազդեցությունն այդ ֆոնին կարող է բարձրանալ, դրա համար փորձում են հնարավորինս սրել ու ուժեղացնել պրոպագանդան։
– Փաստորեն, վախո՞վ է պայմանավորված Եկեղեցու դեմ այս արշավը։
– Բնականաբար, վախով է պայմանավորված ու այն ծրագրով, որ նպատակ ունի քանդել այդ ինստիտուտը։ Իհարկե, Եկեղեցին էլ ունի շատ թերություններ, որովհետև Եկեղեցին էլ այս ընթացքում ավելի շատ կատարել է իր ծիսակարգային արարողությունները, քան թե զբաղվել է մեր քաղաքացիների հոգևոր դաստիարակությամբ:
Ես սա կարող եմ արձանագրել, սա իմ կարծիքն է, բայց, կրկնում եմ, այս թերություններով հանդերձ, չի նշանակում, որ այս պրոպագանդան, այս շարժումը կարող են ընդունելի լինել, որովհետև սա ուրիշ տեղ է տանելու, ուրիշ նպատակ ունի։
– Ըստ ձեզ՝ հիմա Եկեղեցին իսկապե՞ս քաղաքականությամբ է զբաղվում, թե՞, ինչպես հոգևոր դասից են ասում, իրավիճակը, որում գտնվում է հիմա մեր պետությունը, վեր է քաղաքական թեմաներից, սա պետության լինելության հարց է, ու իրենք ևս պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը։
– Խնդիրը պետք է դիտարկել մի քանի տեսանկյունից․ այո՛, Եկեղեցին անջատ է պետությունից, լավ կլինի, որ քաղաքականությամբ չզբաղվի, բայց եթե Եկեղեցին տեսնում է, որ ժողովուրդը քաղաքականապես գլխատված է, փորձել է այդ առաջնորդությունը վերցնել իր վրա։
Հիմա Տավուշում այդ իրավիճակն է, դրա համար այդ առաջնորդությունն իր վրա է վերցրել Բագրատ Սրբազանը, ինչը ես լրիվ նորմալ եմ համարում, որովհետև անելանելիության զգացողությունն այնքան է մեծացել մարդկանց մոտ, որ մարդիկ ուզում են ինչ-որ մեկն իրենց թև ու թիկունք լինի։ Սա պետք է ընդունելի լինի բոլորի, այդ թվում և՝ իշխանության համար, որը և մարդկանց գցել է այդ վիճակի մեջ։
– Խորհրդարանում այսօր Civic.am-ի լրագրողի ու ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի թիկնապահի միջև միջադեպ է տեղի ունեցել, իշխանական խմբակցության պատգամավորները դատապարտող հայտարարություններով են հանդես գալիս, բայց երբ նման միջադեպ, երբեմն՝ դրանից էլ ավելի վատ միջադեպեր տեղի են ունենում այլ լրագրողների ու իշխանական պատգամավորների միջև, նույն այդ իշխանական պատգամավորները նման դատապարտող կոչերով հանդես չեն գալիս, ինչո՞ւ։
– Իշխանությունը միշտ տեսնելու է ուրիշի աչքի փուշը, բայց չի տեսնելու իր աչքի գերանը, սա միանշանակ է։ Լրագրողների նկատմամբ անհանդուրժողականությունը սերմանել է նույն իշխանությունը, ես հիշում եմ, թե հեղափոխությունից հետո լրագրողներին ինչպես էին դասակարգում սևերի ու սպիտակների, խտրականություն ցուցաբերում նրանց նկատմամբ ու անհարգալից վերաբերվում նրանց, այդ թվում՝ խորհրդարանում, բայց սա չի կարող արդարացնել այդպիսի դեպքերի կրկնությունը, լրագրողի աշխատանքը պետք է հարգվի։
Կոնկրետ դեպքը, բնականաբար, ընդունելի չէ, որովհետև վաղն էլ նույնը անելու են Քոչարյանի մեդիայի լրագրողի նկատմամբ։
Մյուս կողմից՝ լրագրողները ևս պետք է պահեն էթիկայի կանոնները, այսինքն՝ քաղաքական գործիչների հետ շփվելիս պետք է որոշակի նորմեր պահպանեն, որն իրենց պրոֆեսիոնալության տիրույթում է։ Լավ կլինի, որ այդ փոխադարձ հարգանքը երկուստեք լինի, նույնիսկ եթե հիմա քաղաքական գործիչները հարձակվում են լրագրողների վրա, այո՛, քաղաքական գործիչներն անդաստիարակ են, բայց լրագրողները պետք է հիշեն, որ իրենք այդպիսին չեն, շատ կարևոր առաքելություն կատարողներ են ու պետք է ավելի ձիգ պահեն իրենց։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Եկեղեցու դեմ արշավը պայմանավորված է վախով ու այն ծրագրով, որ նպատակ ունի քանդել այդ ինստիտուտը. Անի Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.