Ադրբեջանն Ուկրաինային կտրամադրի ականազերծման սարքավորումներ․ Ջեյհուն Բայրամով
Ադրբեջանը մտադիր է Ուկրաինային ականազերծման սարքավորումներ տրամադրել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Անդրադառնալով «հետկոնֆլիկտային շրջանում» (չակերտները Tert.am-ի) Ադրբեջանի շինարարական ու վերականգնողական աշխատանքների փորձին՝ նախարարը նշել է, որ «հայկական օկուպացիայից ազատագրված տարածքներում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում» (չակերտները Tert.am-ի)։
Բայրամովը նշել է, որ «Հայաստանի կողմից ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ չտրամադրելը, ինչպես նաև ականների սպառնալիքի շարունակականությունը սպառնում են կատարված աշխատանքին» (չակերտները Tert.am-ի)։
Ըստ նրա՝ «չնայած առկա դժվարություններին, Ադրբեջանը մտադիր է Ուկրաինային տրամադրել նաև ականազերծման սարքավորումներ» (չակերտները Tert.am-ի)։
