Կատարն ու Չինաստանը կնքել են հեղուկացված բնական գազի ամենատևական մատակարարման պայմանագիրը
Qatar Energy-ն խոշոր պայմանագիր է ստորագրել չինական Sinopec ընկերության հետ հեղուկացված բնական գազի մատակարարման վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրվել է 27 տարի ժամկետով, և սա պատմության մեջ հեղուկացված բնական գազի մատակարարման ամենաերկար պայմանագիրն է, գրում է kommersant.ru-ն:
Գործարքի պայմանների համաձայն՝ Qatar Energy-ն այս ժամանակահատվածում Չինաստանին կմատակարարի տարեկան 4 մլն տոննա հեղուկացված բնական գազ։ Գործարքի ծավալը գնահատվում է 60 մլրդ դոլար։
Կատարը գազ կմատակարարի Հյուսիսային հանքավայրից՝ աշխարհի ամենամեծ նավթագազային հանքավայրի մի մասից, որը կիսում են Իրանը և Կատարը։
Հեղուկացված բնական գազի վերամշակման վեց կայանների գործարկումը Կատարին թույլ կտա մինչև 2027 թվականը հեղուկացնել տարեկան մինչև 126 մլն տոննա գազ՝ ավելացնելով արդյունահանումը 60%-ով։ Այժմ երկիրն արտադրում է տարեկան 77 մլն տոննա հեղուկացված բնական գազ։
Չինաստանի հետ ստորագրման արարողության ժամանակ Կատարի պաշտոնյաները նաև ասել են, որ նմանատիպ գործարքներ են բանակցվում այլ գնորդների հետ Չինաստանում, ինչպես նաև Եվրոպայում:
