ru24.pro
World News
Май
2021

Չինաստանը Պաղեստինին շտապ մարդասիրական օգնություն կտրամադրի

0

Չինաստանի կառավարությունը կարճ ժամկետներում մարդասիրական օգնություն կտրամադրի Պաղեստինին: Այս մասին ուրբաթ հայտարարել է ՉԺՀ Միջազգային զարգացման ոլորտում համագործակցության գործակալության ներկայացուցիչ Տիան Լինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Չինաստանի կառավարությունը մայիսի 20-ին գործարկել է արտակարգ արձագանքման մարդասիրական օգնության մեխանիզմ, որը կօգնի Պաղեստինի կառավարությանը և ժողովրդին հաղթահարել արտակարգ մարդասիրական ճգնաժամը և ցուցադրել միջազգային հումանիզմի ոգի»,-ասված է հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ չինական կողմը հնարավորինս շուտ կտրամադրի մարդասիրական օգնություն՝ համաձայն պաղեստինյան կողմի կարիքների, որպեսզի օգնի Պաղեստինին տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու և տեղահանված անձանց վերաբնակեցման հարցում:

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև նախորդ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 232-ի, որոնցից 66-ը երեխա և ավելի քան 38-ը կին, վիրավորվել է մոտ 1600 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, որոնցից 9-ը իսրայելցի և 3-ը օտարերկրացի, իսկ 2-ը երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 350 է։

Ինչպես ավելի վաղ տեղելացրել էր Tert.am-ը, Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը տեղական ժամանակով 02:00-ին (Երևանի ժամանակով` 03:00-ին-խմբ.) ուժի մեջ է մտել: